«Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի այսօրվա հայտարարությունից հետո, թե կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրվելու՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության, վարչապետի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրել էր․
«Ե՛վ Գյումրու, ե՛ւ գյումրեցիների համար եք պատասխանատու։
Ու Աստված չանի՝ մեկի գլխից մազ ընկնի։ Ի դեպ, բոլոր այն պնդումները, թե այս որոշումից ի վեր քաղաքական պատասխանատվություն չեք կրելու, դատարկաբանություն են։
Իսկ եղավ այն, ինչի մասին ասում էինք։ Գյումրու ճակատագիրն այս մարդկանց ի բնե հետաքրքիր չի եղել։ Իրենք իշխանազավթում էին տենչում, և տերերի ցուցմամբ պատրաստ եղան Գյումրին դնել զոհասեղանին։
Կարդացեք նաև
Իսկ այլընտրանք կար՝ գնալ նոր ընտրությունների։ Բայց չէ՞ որ մարդիկ հենց այսօր են անցնում ընտրակաշառքի գործերով։ Եվ բնական է, որ նոր ընտրությունների պարագայում հավաքած ձայների կեսն էլ չէին ունենա։
Եւ ուրեմն կեցցե՛ քաղաքական առուծախը,որը նոր երևույթ չէ։
Հարցն այն է՝ ծախողի՞, թե՞ ծախվողի դերում ես։
Ինչևէ, ոմանց թասիբի և արժանապատվության մասին պատկերացումներս ամբողջացան։
Սպասելի էր»։
Այսօր լրագրողների հետ զրույցում «Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանը, 5-րդ ալիքի լրագրողի խնդրանքով անդրադառնալով Նազելի Բաղդասարյանի այս հայտարարությանն, ասաց․ «Հիմա ի՞նչ է ասել, գյումրեցու գլխից մազ չպակասի՞, այսինքն իմ քաղաքապետ լինելով՝ գյումրեցու գլխից մազ պակասի՞․․․
Էդ աղջիկը շատ հիշաչար աղջիկ է, թե ինչի համար էդքան թույն է պահում իր մեջ իմ նկատմամբ, էդ էլ չգիտեմ, բայց գիտեմ՝ ինքը, որ ամուսնանում էր, մերը խնդրում էր ինձ, որ գնայի, մասնակցեի իր հարսանիքին։
Հետո մայրը գալիս էր, շատ խանութներ էր ուզում, էնքան տեղ եմ տվել , էնքան լավ բաներ եմ արել իրանց, բայց ինչի՞ է էդ աղջիկը էդքան չարացած իմ նկատմամբ, չգիտեմ։
Մի բան էլ գիտեմ, որ իր տան վրայից, որ մարդ ընկավ, մահացավ, պահեցին, որ ոչ ոք չիմացավ, ոչ մի գործ չհարուցեցին, այ․ իրանք իրանց դարդը լացեն։ Մեր ապրած կյանքը պարզ, շիտակ, հասկացար, պահելու հեչ բան չունենք մենք, էնպես որ, չարությունը թող իրա միջից դուրս գա, երիտասարդ աղջիկ է, մեղք է։
Ես իրան չեմ անիծում, ոչ էլ վատ բան եմ ասում, ես իրա համար կաղոթեմ, որ խելքի գա»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ