Լրահոս
Օրվա լրահոսը

Կադրային ռեսուրսի ճգնաժամեր առաջանում են միմիայն այն դեպքում, երբ կա առաջնորդության ճգնաժամ. փորձագետը՝ Փաշինյանին

Ապրիլ 03,2025 23:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կադրային ռեսուրսի ճգնաժամեր առաջանում են միմիայն այն դեպքում, երբ կա առաջնորդության ճգնաժամ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը՝ անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արտահայտած դիտարկումներին, թե երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «7 տարվա մեջ ով տեղից վեր է կենում՝ առավոտից իրիկուն ասում է՝ էս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, վարում է, որովհետեւ երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, իսկ ճգնաժամ է, որովհետեւ բնակավայրերի 70 եւ ավել տոկոսում մանկապարտեզներ չկան, դպրոցների 70 եւ ավել տոկոսն ավերված է ֆիզիկական ու բովանդակային առումով, չի կարող այդտեղ չլինել կադրային սով»:

«Ես ինքս մոտ 10 տարի աշխատել եմ պետական համակարգում, մինչեւ վերջերս էլ միջազգային կազմակերպությունների միջոցով մատուցել եմ խորհրդատվական ծառայություններ պետական կառավարման համակարգի տարբեր ոլորտներում՝ որոշումների կայացման, մեխանիզմների ներդրման ոլորտներում…Կառավարությունը երբեւէ ամբողջական ռեսուրս չի ունեցել, որ ինքնուրույն կատարի այդ աշխատանքները, միշտ օգտվել է միջազգային կազմակերպություններից»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Փորձագետը նկատեց, որ հերիք չէ՝ որակյալ կադրերի խնդիր ունեն, դեռ մի հատ էլ կադրերին նախապատվություն են տալիս, ըստ նրանց քաղաքական հայացքների ու դիրքորոշումների. «Փաշինյանի վարչակարգը պահանջ է դրել՝ ով որ իշխանություններին քննադատում է, իրենց հետ չպետք է աշխատեն: Հերիք չի՝  չունի կարողություններ վատ առաջնորդության պատճառով, որովհետեւ եթե գիտես՝ ինչ ես ուզում, մարդիկ միշտ կգտնվեն, մի հատ էլ քաղաքական ֆիլտրացիա է անում: Ասում է՝ ով որ մեզ քննադատում է, իրենց չբերես, իրենց արած գործը չեմ ուզում: Այս կառավարությունը ով դիրքորոշում ունի, այդ մարդկանց լռեցնելու համար արգելակում են տարբեր տեղեր: Ինձ էլ են արգելակել»:

Փորձագետը հիշում է՝ նախկին իշխանություններին էլ է քննադատել, բայց իր քննադատական դիրքորոշումը չի խանգարել իր աշխատանքին. «Իմ ծառայություններից մշտապես օգտվել են»:

Մեր զրուցակիցն ասաց, որ կադրային ռեսուրսի ճգնաժամից դուրս գալու ելքերն ինքն ավելի վաղ է առաջարկել իշխանություններին. «Առաջարկել եմ ե՛ւ նախորդ իշխանություններին, ե՛ւ մինչեւ 2020 թվականը այս իշխանություններին: 2020 թվականի նոյեմբերից հետո դադարեցրել եմ իշխանությունների հետ համագործակցությունը, որովհետեւ համարել եմ հակահայ իշխանություններ: Ասել եմ՝ ճգնաժամի հաղթահարման բանաձեւը մեկն է՝ ներգրավում ես առկա լավագույն  ռեսուրսը, եթե դրսից բերում ես այդ ռեսուրսը, զուգահեռ նոր կադրերի ես սովորեցնում: Բացի այդ՝ կա պետական կառավարման ակադեմիա կոչվածը, որը շատ վատ կրթական հաստատություն է ՝ իր ծրագրերով, որակներով, դասախոսներով ամեն ինչով…  Այդտեղ մինչեւ հիմա նշանակալի ծախսեր են արվում, բայց որակ չեն կարողանում ստանալ: Ձեւերից մեկն այդ ակադեմիան խելքի բերելն է: Նիկոլ Փաշինյանը, որ  լավ առաջնորդ լիներ, ինքը սա կսկսեր իր կառավարման առաջին օրից եւ այսօր չէր բողոքի, որ կադրային ռեսուրսի խնդիր կա: Կունենար հարյուրավոր որակյալ կադրեր: Բայց հասկանում ենք ՝ ինքն ինչի համար է Հայաստանում: Ինքը Հայաստանում ներդրված տրոյական ձի է, հայկական պետությունը քանդելու համար: Այս երկրում ինքն ամենավերջին մարդն է, որ պետք է խոսի կադրային քաղաքականությունից, կադրեր լինել-չլինելուց»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930