Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում բացվեց «ՄեդիաԼաբ» ուսումնաարտադրական լաբորատորիա և առցանց ու անցանց կրթության կենտրոն

Ապրիլ 03,2025 22:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 3-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ «ՄեդիաԼաբ» ուսումնաարտադրական լաբորատորիայի առցանց և անցանց կրթության կենտրոնի պաշտոնական բացումը։

Նորաստեղծ ենթակառուցվածքները, որոնք ստեղծվել են Եվրամիության ֆինանսական աջակցությամբ՝ Էրազմուս+ «Առցանց կրթության որակի բարելավում Մոլդովայի և Հայաստանի բուհերում» (MEDIA) ծրագրի շրջանակում, նախատեսված են առցանց կրթության իրականացնելու համար։

«ՄեդիաԼաբ» ուսումնաարտադրական լաբորատորիայի բացմանը  ներկա էին ԿԳՄՍ նախարարության  ներկայացուցիչներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, մեդիա փորձագետներ և ծրագրի գործընկերներ։

ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը բացման խոսքում  կարևորեց «ՄեդիաԼաբ»-ի դերը համալսարանի կրթության բարելավման և ուսանողների համար նոր մասնագիտական հարթակ ստեղծելու գործում։ Նա նշեց, որ լաբորատորիան թույլ կտա բուհին առաջարկել արդիական միկրոորակավորման առցանց դասընթացներ, որոնք հասանելի կլինեն ոչ միայն բուհի ուսանողների համար, այլ լայն շրջանակների։

Հանրային հաղորդակցության և լրագրության գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Տատյաննա Հովհաննիսյանը ներկայացրեց նախաձեռնության նպատակները՝ նշելով, որ «ՄեդիաԼաբը» կնպաստի առցանց կրթական ծրագրերի որակի բարձրացմանը, ուսուցման միջավայրի տեխնոլոգիական զարգացմանն ու մեդիաարտադրանքի ստեղծման նոր հնարավորությունների ընձեռմանը։

«Այս լաբորատորիան ուսանողներին կտրամադրի իրական մեդիա փորձ՝ հնարավորություն տալով նրանց ձեռք բերել գործնական հմտություններ մինչև աշխատաշուկա մուտք գործելը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով զարգացող տեխնոլոգիաների ազդեցությանը», – ասաց  Տատյաննա Հովհաննիսյանը։ Նա հավելեց, որ պատրաստել են արդեն 4 դասընթաց, այդ թվում՝ թվային մեդիա դասընթաց, որը կլինի հասանելի տարբեր լսարանների համար։

«20 տարի առաջ, երբ հիմնեցինք այս կենտրոնը, մեր տեխնիկան և հնարավորությունները շատ սահմանափակ էին, բայց այսօր մենք հասել ենք այն մակարդակին, որը մեր երազանքն էր։ Մեր բաժնում արդեն կա պատշաճ տեխնիկա, որը ուսանողներին տալու է մեդիա գործիքներով աշխատելու հնարավորություն՝ նկարահանելու փոդկաստներ, պատրաստելու տեսագրություններ և ձայնագրություններ», – նշեց Բ․Գ․Թ․, դոցենտ, ԲՊՀ Լրագրության բաժնի ավագ  դասախոս Լիլիկ Ստեփանյանը։

«ՄեդիաԼաբ»-ի բացումը ևս մեկ կարևոր քայլ է կրթության արդիականացման և մեդիա ոլորտում նոր մասնագիտական հնարավորությունների ստեղծման ուղղությամբ։ Այն հնարավորություն կտա ուսանողներին և մասնագետներին ձեռք բերել որակյալ գիտելիքներ, զարգացնել գործնական հմտություններ և դառնալ պահանջված մասնագետներ մեդիադաշտում։

Արմինե Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930