«Հինն այլեւս չկա, իսկ նորը դեռեւս չի ձեւավորվել»։ Հայ-իրանական բարեկամությանը նվիրված միջոցառման ժամանակ այս մասին նշեց քաղաքագետ, քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանն՝ ընդգծելով, որ միջազգային նոր կարգում Հայաստանը պետք է վերաիմաստավորի Իրանի հետ իր հարաբերությունները։
«Պետք է կարողանանք, խորքային իմաստով, վերաիմաստավորել ոչ միայն մեր քաղաքականությունը այլ նաեւ մեր հարաբերությունները բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ», – համոզմունք հայտնեց Պետրոսյանը։
Աշխարհաքաղաքական համատեքստ
Սուրեն Պետրոսյանի վերլուծությամբ՝ թեեւ վեստֆալյան հաշտությունից ի վեր գործող «ազգ-պետություն» գաղափարի վրա հիմնված աշխարհակարգը շարունակում է ամրապնդվել, 1991-ի ԽՍՀՄ լուծարումից հետո ձեւավորված ազատական-ժողովրդավարական միջազգային կարգը այլեւս գոյություն չունի։
Կարդացեք նաև
«Այսօր աշխարհը միաբեւեռ կերպով Միացյալ Նահանգների ներքո չէ․․․նրան մարտահրավեր է նետել Չինաստանը եւ, որոշ չափով, Ռուսաստանը», – շեշտեց Պետրոսյանը եւ հավելեց՝ «Սինական (չինական – Ա․Ա․) քաղաքակրթությունը երբեւէ չի եղել էքսպանսիոնիստական, սակայն, վերջին տարիներին սինական քաղաքակրթությունը կերպափոխվել է՝ այլեւս զուտ պաշտպանողական չէ, հավակնություններից զերծ չէ։ Դրա վառ ապացույցն է, թե ինչ տեմպերով է Չինաստանն այսօր գրավում Կենտրոնական Ասիան»։
Ըստ քաղաքագետի՝ այսօր ձեւավորվում է նեոգաղութական միջազգային կարգ։
ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները՝ միջազգային նոր կարգում
Պետրոսյանը կարծում է, որ «ձեւավորվում է սահմանափակ կարգ (bounded order – Ա․Ա․), որտեղ էական նշանակություն են ձեռք բերում տարածաշրջանը եւ տարածաշրջանային դերակատարները»։ Այս համատեքստում Սուրեն Պետրոսյանը կարեւորեց հայ-իրանական հարաբերությունները։
Ընդգծելով մշակութային եւ քաղաքակրթական կապերի դերը ռազմավարական հարաբերությունների ամրապնդման համատեքստում, նա ավելացրեց․ «Վերիմաստավորումը չպետք է լինի միայն քաղաքական մակարդակում եւ քաղաքական ասպեկտներով։ Դա պետք է լինի համընդգրկուն՝ մշակույթից սկսած, գիտությունից վերջացրած»։
Քաղաքագետը եզրահանգեց՝ ՀՀ-ն եւ ԻԻՀ-ն ունեն ռազմավարական շահի բազմաթիվ հատման կետեր եւ ընդհանուր մշակութային անցյալ, բայց «ցավոք, այս ներուժի նույնիսկ նվազագույն մասն այս տարիների ընթացքում որեւէ կերպ չի օգտագործվել»։
Սուրենի Պետրոսյանի խոսքն ամբողջությամբ՝ ստորեւ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ