Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե լինում են անհասկանալի հարցեր, պետք է լուծենք այդ հարցերը»․ Մեհդի Սոբհանի

Ապրիլ 03,2025 19:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրանը հարգում է Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը»։ Երեւանում հայ-իրանական բարեկամությանը նվիրված միջոցառման ժամանակ այս մասին հայտարարել է մեր երկրում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Միջոցառումը մեկնարկեց հենց դեսպանի ողջույնի խոսքով։ Դիվանագետն ընդգծեց, որ հայ-իրանական հարաբերությունները հիմնված են փոխըմբռնման վրա։

Մանրամասնելով, թե ինչ նկատի ունի «փոխըմբռնում» ասելով՝ դեսպան Սոբհանին ընդգծեց՝ հարաբերություններին պետք է նայել երկարաժամկետ կտրվածքով։

«Եթե ինչ-որ բան է պատահում, դա չպետք է ազդի մեր հարաբերությունների վրա․․․պետք է կարողանանք տնօրինել մեր հարաբերությունները։ Եթե լինում են անհասկանալի հարցեր, պետք է լուծենք այդ հարցերը, որպեսզի այդ անհասկանալի հարցերը չվերածվեն տարաձայնությունների, խնդիրների», – իր խոսքում նշել է Սոբհանին։

Հարաբերությունների երեք հարթություն

Ավելի խորանալով հայ-իրանական հարաբերությունների բովանդակության մեջ՝ իրանցի դիվանագետը մատնացույց արեց երկու երկրների հարաբերությունների երեք հարթությունները․ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական եւ աշխարհամշակութային։

Սոբհանիի խոսքով՝ հայերն ու իրանցիներն ապրում են կողք-կողքի եւ ունեն փոխկապակցված շահեր եւ փոխադարձ ազդեցություն։ Նա հատուկ ընդգծեց, որ Հայաստանի Սյունիքի մարզի անձեռնմխելիությունը Իրանի շահերից է բխում։

Տնտեսության մասով դեսպանը նշեց՝ Իրանը եւ Հայաստանը փոխլրացնում են միմյանց։ Իրանը Հայաստանի համար կարող է դարպաս դառնալ դեպի հարավ՝ Պարսից ծոց եւ Հնդկաստան ձգվելու համար, իսկ Հայաստանն էլ՝ դարպաս Իրանի համար՝ հյուսիս՝ Սեւ ծով ձգվելու համար։

«Մենք Հայաստանը չենք դիտարկում զուտ որպես 3 միլիոնանոց շուկա, այլ հարթակ՝ ԵԱՏՄ 200 միլիոնանոց շուկա հասնելու համար», – ընդգծեց Իրանի դեսպանը։

Մեհդի Սոբհանին չմոռացավ արձանագրել, որ Հայաստանում Իրանի եւ Իրանի ժողովրդի հանդեպ առկա են չափազանց դրական տրամադրվածություններ։ Փոխադարձ դրական վերաբերմունք է առկա նաեւ Իրանում, որտեղ կա հայկական համայնք, որի ներկայացուցիչները, ինչպիսին է Լորիս Ճգնավորյանը, մեծ ներդրում են ունեցել Իրանի մշակույթի զարգացման գործում։

Դեսպան Սոբհանին կարեւոր համարեց նաեւ, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանան ոչ միայն քաղաքականության բնագավառում, այլեւ ժողովրդական, զինվորական, մշակութային եւ այլ բնագավառներում։

Արսեն Այվազյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930