Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը

Ապրիլ 03,2025 19:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը:

Օրակարգի շրջանակում քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նախ անդրադարձել է ռազմավարական ծրագրի գերակայություններին և ներկայացրել այն աշխատանքները, որոնք իրականացվել են այդ ուղղություններով: Արփինե Սարգսյանի ներկայացմամբ, իրականացված միջոցառումներն ուղղված են եղել քաղաքացիական վերահսկողության ներքո գործող ոստիկանության կառուցվածքային և ֆունկցիոնալ համակարգի վերջնական ձևավորմանը, մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցումների ներդրմանը, բարեվարքության ամրապնդմանն ու հանրային հաշվետվողականությանը, կրթական միջավայրի բարելավմանը, արդի մարտահրավերներին դիմակայող պրոֆեսիոնալ ոստիկանական համակարգի ձևավորմանը, ոստիկանական ծառայությունների շրջանակներում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության պատշաճ ապահովմանը, ոստիկանության հանդեպ հանրային վստահության աստիճանի լավարկմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Նշվել է, որ ռազմավարական ծրագրի կատարողականը թվային տվյալներով հետևյալն է՝ 2024թ. համար նախատեսված 25 միջոցառումից կատարվել է 24-ը, 1-ը կատարվել է մասնակի:

Անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում իրականացված աշխատանքներին, նշվել է, որ սահմանվել են հանրային ծառայությունների մատուցման որակի չափորոշիչները, մշակվել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2025 թվականի տարեկան միջոցառումների ծրագիրը, իրականացվել է շենքային պայմանների համալիր վերլուծություն, մեկնարկել և իրականացվում է «Մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումներ» ծրագիրը: Ըստ զեկույցի, արդեն գործում է ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրը՝ քաղաքացիական կառավարմամբ, որը դիտարկվում է նաև որպես հետազոտական հաբ:

Պարեկային ծառայության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում այն գործում որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդել: Զեկուցվել է, որ իրականացված միջոցառումների արդյունքում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների ընդհանուր թիվը, աճել է իրավախախտումների բացահայտումը: Միջոցառումներ են իրականացվել նաև քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության զարգացման, օպերատիվ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Նշվել է, որ վերափոխվել են ոստիկանության զորքերը, ձևավորվել է ոստիկանության գվարդիան: Ըստ 2024թ․ անցկացված սոց. հարցումների, ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կազմում է 72%:

Նիստի ընթացքում ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ ոստիկանության բարեփոխումներին ուղղված միջոցառումների, մասնավորապես՝ ոստիկանության ինստիտուտի գործունեության կատարելագործման և կարողությունների բարելավման վերաբերյալ:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը կարևորել է բարեփոխումների գործընթացի շարունակականությունը՝ հիմնվելով իրականացված միջոցառումների արդյունքների վրա: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է գաղափարախոսական ուղերձի կարևորությունը բարեփոխումների իրականացման ճանապարհին. «Շատ կարևոր է, թե պետությունն ինչ է ասում իր ոստիկանին, իր աշակերտին, իր քննիչին, իր պաշտոնյային: Գաղափարախոսական աշխատանքը շատ կարևոր է, այդ թվում՝ նաև քաղաքացի-ոստիկան հարաբերությունների առումով»:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930