Դասական երաժշտարվեստի այս տարվա նշանակալից իրադարձություններից է երաժշտության հսկա Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 255-ամյակը․ մի հանճարի, որն իրավունք ունի խոսել հավերժության մասին և խոսել հավերժության հետ։ Եվ այնուամենայնիվ, Բեթհովենն այն կոմպոզիտորը չէ, որի ստեղծագործությունները կատարվում են միայն հոբելյանական օրերին։ Չէ՞ որ նրա երաժշտությունը հնչում է բոլոր համերգասրահներում՝ անկախ ամսաթվից։ Առանց Բեթհովենի ստեղծագործությունների՝ չկան համերգային երգացանկեր և ոչ էլ դասավանդման մեթոդաբանություն: Մենք մեծանում ենք Բեթհովենի երաժշտության հմայքի ներքո․ ծանոթանում ենք Դրեսլերի քայլերգին, «Առնետը» մանկական երգին, դաշնամուրի կամ լարային քառյակի՝ երիտասարդական ոգով լի սոնատներին, զգում նվագախմբի գործիքների գեղեցկությունը նրա փառահեղ սիմֆոնիաներում։
Բեթհովենն անցյալում չի մնացել, թեև մեզ նրանից ավելի քան երկուսուկես դար է բաժանում։ Նա կոմպոզիտոր է բոլոր ժամանակների համար և մերօրյա վերելքներով ու անկումներով իրականությունում չկա մի երևույթ, որը չես գտնի նրա երաժշտության մեջ։ Այն պարունակում է մարդու և մարդկության համար ամենաթանկը՝ ուրախություն, վիշտ, տառապանք, պայքար, հաղթանակ։ Բայց նրա երաժշտությունն «անպատիժ» չի թողնում․ այն փրկում է, եթե ներսդ այրվում է, բայց կսպանի, եթե լսես միայն քո հաճույքի համար։ Այս երաժշտությունը սուրբ է, անվերջ է քանի դեռ դատում է, այրում է և ստիպում է այրվել։ «Պայքարի միջով դեպի հաղթանակ»․ Բեթհովենի այս կարգախոսն արդիական է նաև այսօր, քանի որ միայն անվախ պայքարի և ստեղծագործ աշխատանքի միջոցով կարելի է հասնել երջանկության և խաղաղության Երկիր մոլորակի վրա:
Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն առաջիններից էր, որը մեկնարկեց Բեթհովենի հոբելյանական տարին։ Նվագախումբն «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացավ փայլուն համերգով, որին մասնակցում էր նաև իր սերնդի ամենավառ տաղանդներից մեկը՝ քսանամյա դաշնակահար Դմիտրի Իշխանովը։ Համերգային երեկոյի ընթացքում հնչեցին մեծանուն կոմպոզիտորի Դաշնամուրի 5-րդ կոնցերտը և 5-րդ սիմֆոնիան։
Հինգերորդ կոնցերտի երաժշտությունը բացահայտում է կոմպոզիտորի արվեստի զգայուն և խորապես մարդկային էությունը՝ գերազանցելով Բեթհովենի բոլոր դաշնամուրային կոնցերտները: Կատարումը, անկասկած, արտացոլում էր նապոլեոնյան պատերազմների դարաշրջանի անհանգիստ մթնոլորտը, որը ստեղծագործության մեջ մարմնավորված է ընդհանրացված կերպով։ Ակնհայտ է, թե ինչու է Բեթհովենի այս կոնցերտը կոչվում է «Կայսերական»։
Կարդացեք նաև
Ի՜նչ հուզիչ, աշխույժ և ոգևորիչ համերգ էր՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և երիտասարդ մենակատար Դմիտրի Իշխանովի կատարմամբ։ Այն անցավ ամենաբարձր մակարդակով․ նվագախումբն ու մենակատարը զգում էին միմյանց։ Իսկ Բեթհովենի երաժշտությունը, ի թիվս այլոց, ունի մեկ յուրահատուկ հատկանիշ. ամեն անգամ այն նորովի ես լսում:
Դմիտրի Իշխանովի մեկնաբանությունը շատ զգացողություններ էր արթնացնում, միտքը տանում հեռու, հեռավոր վայրեր։ Երիտասարդ դաշնակահարի ուշադրությունից պարտիտուրայի ոչ մի դետալ չէր վրիպում․ նվագն այնքան բազմազան և հարուստ էր պիանոյում, որ դաշնակահարը հեշտությամբ լայնաշունչ կուլմինացիայի էր հասնում՝ առանց դաշնամուրի վրա հավելյալ ջանքեր գործադրելու։ Եվ ի՞նչն է զարմանալի. Դմիտրին նվաճեց ո՛չ միայն իր երաժշտականությամբ, այլև իր տարիքի համար հազվադեպ ուժով, նրբագեղությամբ, այս բարդագույն ստեղծագործության ըմբռնման խորությամբ, կատարողական հստակությամբ և դրա ներդաշնակ ներկայացմամբ։
Երիտասարդ արտիստն ու բեթհովենյան երաժշտությունը ներդաշնակության մեջ էին։ Նրա նվագը գրավում էր շարժման անշեղ տրամաբանությամբ, ճշգրտությամբ և պատկերավոր արտահայտչականությամբ: Հատկապես գրավիչ էին գրոտեսկը, ուժն ու արագ արտահայտչականությունը, որոնք բնավ չէին ստվերում երաժշտության լիրիկական հատվածները։ Հիացմունք է առաջացնում այն, որ դաշնակահարը կարողացավ կոմպոզիտորի երևակայության հորձանուտներում գտնել այդքան արտահայտիչ և վառ պահեր՝ առանց որևէ կերպ փոփոխելու ստեղծագործության իմաստը։
Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն առանձնանում էր թիմային աշխատանքով և կատարման հստակությամբ, որի հետևում, իհարկե, կանգնած են բծախնդրությունը, մանրակրկիտ աշխատանքն ու անվանի կոմպոզիտորի հանդեպ մեծ սերը։ Նվագախմբի մեկնաբանության մյուս կարևոր հատկանիշը երաժշտության հետ միաձուլումն էր, որը թերևս ստիպեց ունկնդրին համերգն ընկալել որպես իրադարձություն և որպես իսկական հոգևոր փորձառություն։
Նշենք, որ սա առաջին հանդիպումը չէ մենակատար Դմիտրի Իշխանովի հետ։ Շատերը կհիշեն նրա այցը Երևան, երբ վերջինս 15 տարեկան էր։ Այդ ժամանակ դաշնակահարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց Բեթհովենի Երրորդ դաշնամուրի կոնցերտը՝ կոմպոզիտորի 250-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։
Դմիտրին ծնվել է Մոսկվայում և դաշնամուրով սկսել է հետաքրքրվել երեք տարեկանում։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Մալթա։ Տղան երաժշտական վառ և յուրահատուկ տաղանդ ուներ․ այո՝ վառ։ Նրա տաղանդն ակնհայտ էր անգամ անզեն աչքով։ Արդեն իսկ տասնմեկ տարեկանում Դմիտրին ներկայացրեց Մալթան Պատանի երաժիշտների Եվրատեսիլում, որը տեղի էր ունենում Քյոլնում (Գերմանիա): 14 տարեկանում նա իր դեբյուտային համերգն ունեցավ Նյու Յորքի «Քարնեգի Հոլ» համերգասրահում, որտեղ կատարեց Բեթհովենի Դաշնամուրի երկրորդ կոնցերտը։ Պատանի երաժիշտը երաժշտական կրթությունը ստացել է Քյոլնում, այնուհետև այն շարունակել է Զալցբուրգում՝ Մոցարտեում համալսարանում՝ պրոֆեսոր Պավել Գիլիլովի մոտ։ Դմիտրին վարժ խոսում է անգլերեն, ռուսերեն, գերմաներեն և իսպաներեն: Նրա երկացանկն ընդգրկում է Բեթհովենի, Մոցարտի, Լիստի, Ռախմանինովի և այլ նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Դաշնակահարը մասնակցել է վարպետության դասերի բազմաթիվ հայտնի մենակատարների մոտ և ելույթ է ունեցել Եվրոպայի և Ամերիկայի մի շարք հեղինակավոր համերգասրահներում։ Նա ակտիվորեն մասնակցում է անվանի փառատոների՝ արժանանալով մասնագետների, ինչպես նաև ունկնդրի բարձր գնահատականին։ Իշխանովն այժմ ամենապահանջված երիտասարդ երաժիշտներից է։
Հոբելյանական համերգի երկրորդ բաժնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց Բեթհովենի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ Հինգերորդ սիմֆոնիան, որում կենտրոնացած են Բեթհովենի ստեղծագործական ոճի ամենահաճախ հանդիպող գծերը։ Այստեղ հատկապես կարելի է զգալ նրա կարգախոսը․ «Պայքարի միջով դեպի հաղթանակ»։
Այս սիմֆոնիայի ընտրության լրջությունն ակնհայտ է. Բեթհովենի մեկնաբանությունը չի կարող լինել ժամանակակից մեծ դիրիժորների բարձր մեկնաբանությունների պատճենը։ Կան այս սիմֆոնիայի ձայնագրություններ ամենահայտնի դիրիժորների և հայտնի նվագախմբերի կատարմամբ։ Եվ դրանք կարելի է լսել տնից դուրս չգալով։ Բայց սիմֆոնիայի իրական իմաստը դրա անմիջական շփումն է լայն լսարանի, հանրության հետ․ սա լրիվ այլ փորձառություն է։ Բացի այդ, յուրաքանչյուր դիրիժոր արդեն իսկ ծանոթ այս երաժշտության մեջ բացահայտում է արդեն նոր և թաքնված հատկանիշներ։
Սերգեյ Սմբատյանն իր առջև խնդիր էր դրել․ պատմել մեր ժամանակի, մեր օրերի անհանգստությունների մասին՝ երկխոսելով Բեթհովենի երաժշտության հետ, անկեղծորեն կիսելով կոմպոզիտորի՝ միասնության ու համերաշխության կոչը՝ ուղղված պայքարի միջոցով խավարի հաղթահարմանը, լույսին ու վերածնմանը։ Հույսի զգացողությունը հենց երաժշտությունն է տալիս։ Եվ հենց այս զգացողություններն են, որ դիրիժորն ու նրա նվագախումբը վարպետությամբ փոխանցում են Հինգերորդ սիմֆոնիան կատարելիս։
«Ճակատագիրը թակում է դուռը»… Ի՞նչ է թաքնված այս խոսքերի հետևում: Նրա հերոսի՞ ճակատագիրը։ Բեթհովենի՞ ճակատագիրը։ Չորս հնչյուն և չորս ջախջախիչ հարված․ ճակատագրի այս թեմայով է սկսվում սիմֆոնիան։ Երկրորդ մասում հնչում են ազատության կոչնակներ, լեգեոնները նետվում են կռվի: «Մարսելիեզի» ոգին սավառնում է գալիք հաղթանակի վրա։ Երրորդ մասում հաղթանակի որոտն է, ճակատագրի հարվածներին փոխարինող ազատության և հաղթանակի հարվածները։ Եվ ֆանտաստիկ, պայծառ ավարտ, որն ունակ է հիացնելու և շշմեցնելու։
Կատարումը ոգեշնչող է, իսկ Բեթհովենի պարտիտուրի տարերային վայրի ուժը տալիս է իմպրովիզացիոն ազատության բերկրանք: Նվագախումբն իր գործն անում է կենտրոնացած ու եռանդով։ Բոլոր երաժիշտները միասնական են իրենց առաջադրանքների կատարման և խոսուն հակադրությունների որոնման մեջ: Հակադրությունները սուր էին, զգացվում էր այս սիմֆոնիային բնորոշ երաժշտության արտահայտման լարվածությունը։ Կատարմանը բնորոշ էին բնականությունը, բեթհովենյան համոզիչ զարգացումները, երաժշտական մտքի ազատությունն ու անբռնազբոս հոսքը։
Նատայլա ԳՈՄՑՅԱՆ