Վարչական դատարանում կայացավ «Գոյ» թատրոնի գործով հերթական դատական նիստը։ «Գոյի» կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանի խոսքով, այս դատական գործընթացը վճռորոշ է ոչ միայն «Գոյ» թատրոնի, այլեւ մշակութային արդարության վերականգնման համար։
Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ անցել են արդեն դատաքննության փուլ:«Մենք նախորդ դատական նիստին միջնորդություն էինք ներկայացրել հայցի առարկայի եւ պահանջի հստակեցման մասով: Այդ միջնորդությունը բավարարվեց: Խոսքը վերաբերում է «Գոյ» թատրոնի աշխատակիցներին աշխատանքից ազատելը անվավեր ճանաչելուն: Դա եւս ներառել էինք միջնորդության մեջ:
Այնտեղ կար նաեւ Սունդուկյան թատրոնի կանոնադրության մեջ փոփոխության հարցը՝ Սունդուկյան թատրոնը դարձել է «Գոյ» թատրոնի իրավահաջորդ, դիմել էինք, որ դա էլ վերացվի, սակայն այդ մասով դատարանը մերժեց, ասացին, որ դա քաղաքացիաիրավական հարց է, ուրիշ դատարանում այդ վեճը կլուծեք »,- ասաց Սարգիս Արզումանյանը: Նաեւ տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 16-ին:
Մեր հարցին, որ ավելի քան մեկ տարի է, «Գոյի» դռները փակ են, ինչպես են ապրում «Գոյի» մարդիկ, անձնակազմը, Սարգիս Արզումանյանն այսպես արձագանքեց. «Այսօր ողջ երկրում է բարդ ապրուստի միջոց գտնելը, առավել եւս «Գոյի» անձնակազմի համար: Մարդիկ կային, որ այլ թատրոններում էլ էին աշխատում, հիմա եւս աշխատում են, ովքեր էլ որ միայն «Գոյի» հույսին են, ինչ-որ միջոցներ փորձել են գտնել, ժամանակավոր աշխատում են, մինչեւ հասկանանք, թե «Գոյի» ճակատագիրն ինչպես է որոշվելու»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սարգիս Արզումանյանի ֆեյսբուքյան էջից: