Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունները պարտավոր են արժանապատիվ կեցություն ապահովել 160 հազար արցախցիների համար, մինչեւ կզբաղվեն մեր հավաքական վերադարձով»

Ապրիլ 03,2025 17:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
01:52
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները կառավարությունում հանդիպում են ունենում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Զուգահեռ՝ արցախցիները հավաքվել են կառավարության շենքի մոտ։ Մարտի 29-ին հրավիրած հանրահավաքում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը պահանջագիր էր ներկայացրել Հայաստանի կառավարությանը։ Արցախցիները սպասում են, որ Հայաստանի կառավարությունը պետք է հաշվի առնի իրենց պահանջներն ու առաջարկությունները եւ ըստ այդմ ծրագրեր մշակի։

«Նախնյաց հետքերով» ՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Սայիդա Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ չգիտեն՝ իրենց առաջարկած կետերի շո՞ւրջ են բանակցելու կառավարությունում, թե՞ այլ տարբերակ են առաջարկել։ «Գիտեք, որ մենք 4 պահանջ ենք առաջ քաշել, շատ հետեւողական ենք լինելու, եւ որեւիցե կետի չբավարարելը մեզ չի գոհացնելու»,- ասաց նա։

Սայիդա Պողոսյանն անդրադարձավ արցախցիների հասցեին հնչող քննադատություններին։ Նա նշեց, որ հայ ժողովուրդը մի կարեւոր բան պետք է հասկանա՝ Արցախը Հայաստանի համար բեռ չէր։ «Արցախը վահան էր, որը տարիներ շարունակ պաշտպանել է մեզ։ Մենք Արցախից հսկայական ներուժ ենք ունեցել այստեղ։ Եթե այսօր ներկայացնում են, որ արցախցին բեռ է ՀՀ ուսերին, դա անընդունելի է։ Այս քարոզի դեմ բոլորս պետք է պայքարենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ ասաց, որ դրական սպասումներ չունի, թե կառավարությունը կբավարարի արցախցիների պահանջները։ «Սոցիալական հարցերի շուրջ մասնակի կարգավորումներով կփորձեն ՀՀ մեր հայրենակիցներին ցույց տալ, որ արցախցու կռիվը ոչ թե հայրենիքի կռիվ է, այլ փորի կռիվ է, ինչպես իրենք են սիրում ասել։ Բայց ես վստահեցնում եմ՝ անկախ իրենց որոշումից, այն պահանջը, որը դրվել է Ազատության հրապարակում մարտի 29-ին, այդ պահանջների հետեւից մենք անդադար գնալու ենք։ Գլխավոր պահանջը կարմիր գծով գնում է՝ այս իշխանությունները պարտավոր են արժանապատիվ կեցության հնարավորություն ապահովել մեր 160 հազար հայրենակիցների համար, մինչեւ իրենք կզբաղվեն մեր հավաքական վերադարձով։ Եթե դրական է պատասխանը, շատ լավ, եթե ոչ, ուրեմն դրանից բխող քայլեր են լինելու»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930