«1,5 միլիոն հայեր զոհ դարձան Թուրքիայի արմատականության և ռասիստական քաղաքականությանը, ինչը հանգեցրեց ցեղասպանության»,- Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քննարկման ժամանակ
հայտարարեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան (լուսանկարում)։
Ըստ նրա՝ այս ցեղասպանական դեպքերի հիշատակմամբ միայն չպետք է բավարարվել․ դա պետք է դաս լինի, որ այժմ և ապագայում դիմակայենք անարդարությունների դեմ։
Պատգամավորն իր հուզական ելույթում ասաց՝ չենք կարող շարունակել մեր աչքերը փակել բոլոր այն հանցագործությունների նկատմամբ, որոնք իրագործում է Ադրբեջանը․ «Մենք վերջերս ականատես եղանք էթնիկ հայերի բռնի տեղահանմանը Լեռնային Ղարաբաղից։ Բայց եվրոպական երկրները դեռ շարունակում են Ադրբեջանից գազ և նավթ ներկրել, շարունակում է գործել ԵՄ-Ադրբեջան էներգետիկ ոլորտում համագործակցության հուշագիրը։ Իսկ Ալիևը շարունակում է իր ներքին քաղաքական օպերացիան՝ լռեցնելով մարդկանց ձայները։ Մենք այս հնարավորությունը պետք է օգտագործենք մտածելու, թե ինչպես ենք մենք գործում, ոչ թե միայն բավարարվենք հայտարարություններով։ Եկեք սկսենք նրանից, որ դադարեցնենք Ադրբեջանից նավթի և գազի ներկրումը և աջակցենք ժողովրդավարության հաստատմանը տարածաշրջանում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ