Վերջերս «Նարեկացի արվեստի միության» սրահում տեղի ունեցավ բազմաշնորհ արվեստագետ Մարիաննա Գորդոն Պողոսյանի՝ «Գարնանային զրնգուն հույզերով» խորագիրը կրող երեկոն:
Կարդացեք նաև
-Ձեր արվեստին անդրադարձել ենք որպես բալետի արտիստի, գրողի, իրավաբանի, Ազգային օպերային թատրոնի ռեֆերենտի, Նոր Զելանդիայի և Ավստրալիայի հայոց հոգևոր առաջնորդ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի օգնականի, Սիդնեյի «Նաիրի» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավարի: Հիմա էլ, փաստորեն, պետք է ներկայացնենք որպես երգչուհու, այն էլ՝ օպերային: Ընթերցողին հիշեցնենք, որ թվարկած մասնագիտություններից մեկ-երկուսը ձեռք եք բերել ԱՄՆ-ում , Ֆրանսիայում, Իտալիայում և Գերմանիայում: Ինչպե՞ս ստացվեց, որ թվարկած մասնագիտություններին գումարվեց նաև վոկալը:
-Առաջին քայլերս երգեցողության ասպարեզում 8 տարեկանից, սկսել եմ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում, մաեստրո Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Տարիներ անց, 2009թ. Ֆրանսիայի Նիս քաղաքի Միջազգային առաջադեմ հետազոտությունների Եվրոպական ինստիտուտում ուսանելուն զուգահեռ, ընդունելության քննություններ հանձնեցի Նիսի կոնսերվատորիայում: Արդյունքում ինձ ընդունեցին միանգամից վոկալ բաժնի 3-րդ կուրս: Մասնակցել եմ նաև Ռայինա Կաբաևանսկայի, Դարինա Տակովայի, Վլադիմիր Չեռնովի վարպետաց դասերին, հետո Երևանի պետական կոնսերվատորիայում էլ մեծանուն Սերգեյ Դանիելյանի:
Նշեմ, որ սա իմ թվով 3-րդ երևանյան մենահամերգն է: Իսկ մենահամերգի գլխավոր շարժառիթն իմ անհագուրդ սերն է օպերային արվեստի հանդեպ, ապրած կյանքի փիլիսոփայական մեկնաբանության խոստովանությունը և, իհարկե, մեծ երազանքս ու նպատակս՝ օրերից մի օր, երբ աստղերը կմիաբանվեն և Տիրոջ կամոք պատրաստ կլինեմ, հանդես գալ մեծ բեմում։
Համերգին իմ վստահելի և շնորհաշատ զուգընկերը, ինչպես ականատեսը եղաք տենոր Հայկ Վարդանյանն էր, որի հետ սովորել ենք Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում: Երեկոն սկսեցինք տարիներ առաջ հեղինակածս «Աղոթք մաքրագործման» հոգևոր ստեղծագործությամբ, որին հաջորդեցին Բախի «Մագնիֆիկատ»-ը, Մոցարտի «Ալլելուիա»-ն, Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայից Ռոզինայի մեներգը, Պուչինիի Մյուզետտի և Լիուի մեներգերը, զուգերգեր «Բոհեմ», «Տրավիատա» օպերաներից, Ռախմանինովի «Здесь хорошо» ռոմանսը, Կոմիտասի «Հաբրբանը», Ազնավուրի «Une vie d’amour»-ը և այլն։
Իսկ ավարտին, «Հայաստանի ամենափոքրիկ երգիչներ» երգչախմբի մասնակցությամբ, որտեղ հիմա նաև դուստրս` Լեյան է երգում, անվանի երգահան և դաշնակահար Կարեն Անանյանի նվագակցությամբ հնչեցրեցինք ժորժ Գարվարենցի հեղինակած, Ազնավուրի անզուգական կատարմամբ անմահացած «Аve Maria»-ն, որի խոսքերը ինքս էի հայերեն թարգմանել, որպես «Սուրբ Տիրամայր մեր, Աստվածամայր մեր»` կատարումը նվիրելով «Նարեկացի արվեստի միության» հիմնադիր տնօրեն Նարեկ Հարությունյանին, իր հայրենանվեր և հայապահպան գործունեության ու ծառայության համար։
-Ձեր ֆեյսբուքյան էջից տեղեկացել ենք, որ մենահամերգից հետո, ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում հյուրընկալվել եք ձեր հերթական բարձրագույն կրթօջախ՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարան, որպես հատուկ հյուր մեկնաբանելով Էդիթ Պիաֆի «Non rien de rien» ստեղծագործությունը: Կխնդրենք մանրամասնեք։
-Այո, Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի ֆրանսերենի ամբիոնի ղեկավար Նանա Գասպարյանի կողմից ստացա հրավեր մասնակցելու ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում, ինչպես նաև ֆրանսիական համալսարանի հիմնադրման 25-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, կատարեցի Պիաֆի «Non rien de rien» ստեղծագործությունը, որը կարծես անցածս աներևակայելի կենսագրությանս խորհրդանշական մի ամփոփում լիներ, ևս մեկ անգամ փաստելով, թե ինչպես երգի վերնագիրն է, ես էլ ոչ մի բանի համար չեմ փոշմանում։
Գիտե՞ք, անչափ երախտապարտ եմ բարձրյալին, ինձ պարգևած բոլոր մարտահրավերների համար, որոնց աներեր և բացարձակ առանցքը եղել է, կա և կմնա ամենազորեղ հավատքս, երազանքներիս ճշմարտացիությունն ու կամքիս և աշխատասիրությանս անկոտրում ցատկահարթակը՝ դեպի այն բնօրինակ կերպարանքը, որը մեր Երկնային Հայրը արարել, ստեղծագործել է, և որի հավաստացիության կերտումը յուրաքանչյուրիս բնատուր ու երկնապարգև առաքելությունն է։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Լուսանկարներում` Մարիաննա Գորդոն Պողոսյանի բեմելները «Նարեկացիում» և Հայաստանի ֆրանսիական համալսարանում