Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Նիկոլ Փաշինյան, քեզ ո՞վ է իրավունք տվել, որ մարդկանց տնավեր դարձնելուց, մարդկանց տները թուրքին հանձնելուց հետո ապրիլի 1-ից կտրում ես այդ մարդկանց գոյության միակ աղբյուրը»

Ապրիլ 03,2025 15:45

«Ժողովրդավարություն եւ անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված 150 հազար մեր հայրենակիցներին Հայաստանում 40 հազար+10 հազար դրամ փոխհատուցումը ապրիլի 1-ից դադարեցնելու կառավարության որոշմանը:

Նաիրա Զոհրաբյան

«Չենք մոռանում, որ 2023 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ երկյակի համատեղ ջանքերով Արցախը հայաթափվեց եւ երեք օրվա ընթացքում 150 հազարից ավելի արցախցիներ լքեցին իրենց բնօրրանը, որտեղ իրենք սերնդեսերունդ ապրել են հազարավոր տարիներ: Առաջին անգամ հազարամյակների պատմության մեջ Արցախն ամբողջապես հայաթափվեց:

Եվ ահա կառավարությունը ապրիլի 1-ից դադարեցրել է արցախցիներին 40 հազար+10 հազար դրամական փոխհատուցումը, որը միակ հնարավորությունն էր, որ տուն, տանիք չունեցող արցախցիները կարողանան ընտանիքում այդ գումարը համադրել եւ տան վարձը վճարել: Եվ այսպես, երբ որ մայիսի 1-ին հազարավոր, տասնյակ հազարավոր արցախցիներ չեն կարողանա վճարել տան վարձակալության գումարը, նրանք հայտնվելու են փողոցում:

Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունները 30-ամյա անկախության ընթացքում յուրաքանչյուր տարի հսկայական գումար են փոխանցել Արցախին: Վերջին տարիներին այդ գումարը կազմել է տարեկան 144 միլիարդ դրամ: Եվ եթե դա բաժանում ենք արցախցիների թվի վրա, ըստ էության՝ յուրաքանչյուր արցախցու ամսական 100 հազար դրամի հաշվով գումար է հասել: Եվ հիմա, Նիկոլ Փաշինյան, դու ո՞վ ես, քեզ ո՞վ է իրավունք տվել, որ մարդկանց տնավեր դարձնելուց հետո, մարդկանց տները թուրքին հանձնելուց հետո ապրիլի 1-ից կտրում ես այդ մարդկանց գոյության միակ աղբյուրը:

Ուզում եմ ներկայացնել թվեր: Իհարկե, իրենք ասացին, որ բնակարանային սերտիֆիկատ են տալիս արցախցիներին, որ կարողանան բնակարան, տանիք ձեռք բերեն, տեղեկացնեմ, որ առ այս պահը բնակարանի սերտիֆիկատ ստացել է արցախցիների ընդամենը 3%-ը, իսկ բնակարան ձեռք է բերել Արցախը լքած, իր տունը թուրքին թողած արցախցիների ընդամենը 0,2 %-ը: Պատկերացնում եք չէ՞, թե սա ինչ է նշանակում եւ քանի՜ տասնյակ հազար արցախցիներ ապրում են վարձով եւ այդ 50 հազարական դրամները, որ նրանց միակ հույսն է մինչեւ հայաստանյան հողի վրա ոտքի կանգնել կարողանալը, կտրում են:

Հիմա արցախցիների պահանջը շատ ազնիվ ու արդար է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է իր, Նիկոլ Փաշինյանի իսկ մեղքով իրենց շեն տները, շեն օջախները, շեն հայրենիքը լքած արցախցիներին գոյատեւելու այդ նվազագույն օգնությունը պահպանել»,-ասաց տիկին Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ չեխ հայտնի լուսանկարիչ և խմբագիր Լենկա Կլիցպերովայի Արցախյան պատերազմին նվիրված «Պարտված պատերազմ» շարքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930