Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը Վիետնամի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Բաքվում պահվող հայ գերիների խնդրին

Ապրիլ 03,2025 15:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը նախ առանձնազրույց է ունեցել վիետնամցի գործընկերոջ հետ՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու իր հրավերն ընդունելու ու նման բարձր ներկայացուցչական կազմով մեր երկիր այցելելու համար: Չան Թան Մանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ շատ տպավորված է Հայաստան այցով:

Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր՝ մասնավորապես շեշտը դնելով միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաեւ երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի կապերի ակտիվացման վրա:

Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի արդեն ավարտին հասցված նախագծին՝ նշելով, որ հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել, ինչին ի պատասխան՝ Չան Թան Մանը նշել է, որ Վիետնամն աջակցում է երկու երկրների միջեւ խաղաղության հաստատման ու տարածաշրջանում կայունության ամրապնդման գործընթացին:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Վիետնամի միջեւ տնտեսական կապերի ակտիվացման հարցերին ու այդ ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերի մշակման անհրաժեշտությանը: Ալեն Սիմոնյանը Վիետնամի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Բաքվում պահվող հայ գերիների խնդրին:

Հանդիպման ավարտին երկու երկրների ԱԺ նախագահների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության մասին» համաձայնագիրը: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

 ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930