Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց ճանաչման չի կարող լինել կայուն խաղաղություն»․ Միրիամ Լեքսմանը՝ Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քննարկման ժամանակ

Ապրիլ 03,2025 15:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս ամիս մենք ոգեկոչում ենք 20-րդ դարի ամենամութ ողբերգության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Վերքերը դեռ բաց են, և արդարության համար պայքարը դեռ շատ հեռու է ավարտին հասնելուց»,- Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։

Նա, փաստելով, որ Հայոց ցեղասպանության ընթացքում ոչնչացվել է նաև քրիստոնեական մշակութային ժառանգությունը, վստահեցրեց՝ հայերը ողջ աշխարհում դեռ զգում են այս վայրագությունների պատճառած տրավման։ Միևնույն ժամանակ նշեց․ «Հարաբերությունների կարգավորման հասնելու միակ ճանապարհը ճանաչումն է։ Պետք է աշխատել ճանաչման և հաշտեցման ուղղությամբ ինչպես քաղաքական, այնպես էլ մարդկային հարաբերությունների մակարդակում»։

Եվրոպական խորհրդարանի ամբիոնից Միրիամ Լեքսմանը, հիշեցնելով ադրբեջանական ագրեսիայի պատճառով Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը, հայտարարեց․ «100 հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղից՝ փախչելով ադրբեջանական վայրագություններից։ Այդ իրադարձությունները խնդրին ևս մեկ շերտ ավելացրին։ Ճանաչման ու հաշտեցման համար անհրաժեշտ է քաջություն․ քաջություն հաշվի նստելու անցյալի հետ և կառուցելու ճշմարտության վրա հիմնված ապագա։ ԵՄ-ն պետք է հաստատուն մնա իր հանձնառությունում պատմական ճշմարտության նկատմամբ և հորդորի ու ստիպի Թուրքիային ընդունել պատմության այս էջը։ Առանց ճանաչման չի կարող լինել կայուն խաղաղություն»։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը Թուրքիայի իշխանություններին կոչ արեց ընդունել անցյալը և առաջ գնալ ՀՀ-ի հետ երկխոսության ճանապարհով ու եզրափակեց․ «Հայ ժողովուրդը միշտ ցուցաբերել է արտասովոր ուժ, ոգի և դիմակայունություն։ Վաղուց ժամանակն է հաշտեցման համար ճանապարհ հարթել, Հարավային Կովկասին բերել խաղաղություն և բարգավաճում, իսկ հայ ժողովին՝ ՀՀ-ում և ողջ աշխարհում, արդարադատություն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930