«Արցախ վերադարձի հարցը միշտ պետք է լինի որպես առաջնային հարց, դա չպետք է մղվի մոռացության։ Այդ հարցը պետք է պահվի օրակարգում այնքան, մինչեւ կգան նոր իշխանություններ, որոնք ի վիճակի կլինեն այդ հարցը դնել միջազգային ատյաններում, պարտադրել, որ այս հարցը լուծվի։ Խոսքը վերադարձի մասին է՝ անվտանգության երաշխիքները հաշվի առնելով»,- այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց արցախցի նկարիչ Գեւորգ Սարգսյանը։
Նա նշեց, որ Ստեփանակերտի բնակիչ է, բռնի տեղահանվել է 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո։ Գեւորգ Սարգսյանն իր անձնագիրը չի փոխել, քանի որ իրեն ՀՀ քաղաքացի է համարում հենց այդ անձնագրով։ «Ես շատ ավանդապաշտ մարդ եմ, իմ անձնագիրը թողել եմ նույնը։ Ես Արցախի հաշվառում ունեմ, բայց գտնում եմ, որ իմ անձնագրով նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ»,- ասաց նա։
Նա նշեց, որ մշտական աշխատանք չունի, վարձակալությամբ է բնակվում, եթե կառավարությունը կրճատում է «40+10 հազար» ծրագիրը, չեն պատկերացնում, թե ոնց պետք է գոյատեւեն։ «Ապրում ենք վարձով, 4 հոգով մի սենյակի մեջ, հնարավորինս սուղ միջոցներով»,- ասաց նա։
Անդրադառնալով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հայտարարությանը, որ արցախցիները պետք է օգտվեն բնակապահովման ծրագրից, Գեւորգ Սարգսյանն ասաց․ «Ես ինքս իմ պատկերացմամբ ընդգրկված եմ բնակապահովման ծրագրի առաջին խմբում, քանի որ արցախյան պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ եմ։ Բայց իրենք անիրական ծրագրեր են առաջարկում, մոտենում եմ բանկին, բանկն ասում է՝ մենք տեղյակ չենք, այդ ծրագիրը մեզ չի վերաբերում։ Անձնագիր փոխել են տալիս, այդ անձնագիր փոխելը տեւում է մի կես տարի, այնուհետեւ առաջանում են այլ խոչընդոտներ, ինքս ի վիճակի չեմ աշխատավարձի տեղեկանք ներկայացնելու, որպեսզի վարկ վերցնեմ, դրա համար դա ինձ համար անիրատեսական է այս ծրագիրը։ Դեռ հարց է՝ կգտնե՞նք բնակարան, որտե՞ղ կգտնենք, այդ ծրագիրը պարզաբանված չէ, լրիվ թակարդներ են»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային