Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին։
Գերմանիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ալիեւն ասել էր․ «Եթե Հայաստանն ընդունի մեր երկու պայմանները, խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները կվերանան։ Մեր առաջին պայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունն է։ Երկրորդը կապված է Հայաստանի Սահմանադրության հետ»։
Սրբուհի Գալյանն ասաց, որ Հայաստանը պատրաստ է կնքել «խաղաղության պայմանագիրը»։ «Ընդ որում, ես այդ հնչեցված մտքերը որպես նախապայմաններ չեմ դիտարկում եւ կարծում եմ, որ կառավարությունն էլ չի դիտարկում։ Կառավարությունը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը։ Ես իմ խոսքում նշել եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի, եւ, այո, մեր գործողությունները պետք է միտված լինեն խաղաղության վերջնական հաստատմանը։ Բայց, թե ինչ կոնցեպտով պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղության պայմանագրի կնքումը, կարծում եմ, շատ շուտով հանրությանը հայտնի կլինի»,- ասաց նա։
Սրբուհի Գալյանը հավելեց․ «Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխություններին, ապա ես բազմիցս նշել եմ, որ մենք աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա։ Այս պահին տեքստի մասով մանրամասներ ասել չեմ կարող, բայց շատ կարեւոր է մի շեշտադրում, որ այդ տեքստը չի լինելու ու ի բնե չի կարող լինել գաղտնի եւ ինչ-որ պահի հանրայնացվելու է, եւ յուրաքանչյուր նորմ քննարկվելու է մեր հասարակության հետ»։
Կարդացեք նաև
Հարցին, թե հնարավո՞ր է իշխանություն արագացնի Սահմանադրության փոփոխությունները, Գալյանը պատասխանեց, որ եթե խոսքը նոր Սահմանադրության մասին է, դա պարզ առաջադրանք չէ, որը կարելի է կատարել 1-3 ամիսների ընթացքում։ «Խոսքը 8-10 ամիս ժամկետի մասին է, եւ չեմ կարծում, որ նոր Սահմանադրության տեքստ հնարավոր է այդ ժամկետից ավելի շուտ ունենալ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ