«Նպատակն Աղդամի ուղղությամբ ճեղքում ապահովելն էր եւ Ստեփանակերտի վրա վերահսկողություն իրականացնելը։ ՊԲ-ն եւ օրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը հասկացել էր Ադրբեջանի պլանը եւ բարեհաջող կանխել»․ այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով 2016 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած Ադրբեջանի լայնածավալ հարձակմանը՝ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասն վերլուծելով այդ իրադարձությունները, Արցախի նախագահի նախկին խորհրդականը նկատում է՝ Ադրբեջանի նպատակն էր՝ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելը, բայց պաշտպանության բանակի՝ պահեստազորների, կամավորների ամուր պաշտպանությունը, հետագայում հակահարվածը, ծանր իրավիճակի մեջ դրեցին Ադրբեջանին, ադրբեջանական զորքին։ Տիգրան Աբրահամյանն ընդգծում է՝ Ադրբեջանի կողմից այդ գործողությանը մասնակցում էին պետական նշանակության ստորաբաժանումները՝ ԱԱԾ-ն, ռազմածովային ստորաբաժանումները եւ այլն։ Ադրբեջանի կողմից որեւէ ժամկետային զինծառայող չէր մասնակցում գործողությանը, այնինչ ՊԲ-ի կողմից ժամկետային զինծառայողներն էին կռվում եւ իրենց պատրաստվածությամբ, կամքով ու ոգով արժանապատվորեն պահեցին սահմանները։ Ամենաառանցքայինը բանախոսը համարում է ադրբեջանական հատուկ ստորաբաժանման՝ «Յաշմային» ծնկի բերելը, որը 44-օրյա պատերազմում արդեն այլեւս այն նշանակությունը չունեցավ։
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմն ունեցել է 75 զոհ, ապրիլ ամսվա ընթացքում՝ 88, տարածքային կորուստները կազմել են 470 հա։
Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ այդ շրջանում, ՊԲ-ն՝ իր թիկունքում ունենալով հայ ժողովրդի սատարումը եւ կամքը, կարողացավ հաջողության հասնել եւ տապալել ադրբեջանական հիմնական ջանքերը, որոնք ուղղված էին ռազմական ճանապարհով խնդրի լուծմանը։
Կարդացեք նաև
Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ նաեւ հետագա քաղաքական զարգացումներին, որոնք հանգեցրեցին նրան, որ Իլհամ Ալիեւը հրապարակային հայտարարեց՝ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ նաեւ ՀՀԿ 35-ամյակին՝ վերլուծելով կուսակցության գործունեությունը հիմնադրման օրից, հիմնադիրների կենսագրության տեսանկյունից, ընդգծեց կուսակցության քաղաքական գծի կարեւորությունը, որի հիմքը նաեւ Ազգային միացյալ կուսակցությունն էր։
«ՀՀԿ-ն այսօր էլ քննադատությունների առանցքում է, հաճախ սուբյեկտիվ, շինծու, երրորդ ուժերի կողմից ուղղորդված, բայց դա նաեւ նորմալ է, քանի որ ՀՀԿ-ն միշտ եղել է հայաստանյան քաղաքական դաշտի առանցքում, այսօր էլ ծանրակշիռ ներկայություն եւ ազդեցություն ունի։ ՀՀԿ-ն այսօր էլ պատրաստ է իր ներուժը դնելու, զարգացնելու այս տարածաշրջանում հայի գոյության համար»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ասուլիսն ամբողջական՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ