«Ավելացնելով պետական մարմիններում կանանց ներգրավվածությունը, ցուցադրելով որոշակի թվեր Հայաստանի կողմից, ցուցադրելով, որ մարդու իրավունքների նկատմամբ առաջընթաց ենք գրանցում նաեւ կանանց ներկայացվածության տեսանկյունից՝ մենք ստեղծում ենք բավական տոքսիկ, անընդունելի եւ անհանդուրժողական մթնոլորտ նաեւ նրանց համար: Լրջագույն խնդիրներ են առաջանում արժեքների երկակիության տեսանկյունից:
Մի կողմից ցուցադրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը մի պետություն է, որը ժողովրդավարական ընտրություններով կարողանում է ձեւավորել իշխանություն, որտեղ կանանց եւս տրվում են հնարավորություններ, քվոտավորում ենք հանրապետական, ՏԻՄ ընտրությունների դեպքում ( Գյումրիում եւս ցուցակներում կանանց ներկայությունը եւս կարեւորվում էր), մյուս կողմից` հանրային խոսույթում, հանրային խոսքում հնչեցնում ենք անընդունելի ատելության խոսք եւ սեքսիզմ»,- Մեդիա կենտրոնում կայացած «Ատելության խոսք, վիրավորանք, բռնության կոչեր․ Գյումրիի ընտրություններից առաջ և հետո» թեմայով քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով. «Մի կողմից ստեղծում ենք օրենսդրորեն ընդունելի միջավայր, մյուս կողմից՝ անընդունելի միջավայր, որտեղ կանայք փաստացիորեն կհրաժարվեն այդ տոքսիկ միջավայրում առաջխաղացում ունենալ եւ կթիրախավորվեն:
Ընդհանրապես ընտրություններն այն լակմուսի թուղթն են, որոնցով կարելի է չափել հասարակության տրամադրությունները: Դրանք սթրեսային իրավիճակներ են, որոնց պարագայում, բոլոր արատավոր դրսեւորումները բարձրանում են ջրի երես: Այդպիսով կարող ենք չափել, թե հանրության մեջ ինչպիսի դրսեւորումներ կան, ինչի վրա ենք շեշտադրումներ կատարում: Օրինակ, Գյումրիում գործիչն (Վարդան Ղուկասյան) օգտագործել է սեքսիստական, կնատյաց արտահայտություններ…Ես որպես իրավապաշտպան կարող եմ փաստել, թե որքան տարածված է Շիրակի մարզում, Գյումրիում ընտանեկան բռնությունը եւ որքան նորմալիզացված է դա»:
Կարդացեք նաև
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի փորձագետ Հակոբ Կարապետյանի ձեւակերպմամբ, մեդիան ոչ միայն փոխանցում է հանրային երեւույթներն ու իրադարձությունները, այլեւ շատ ժամանակ հենց ինքն է գեներացնում այդ իրադարձությունները. «Մեդիան առնվազն տալիս է տոնայնությունը, շեշտադրումները, ընդգծում է ինչ-որ բաներ: Ցավոք սրտի, այս ընտրությունների ընթացքում եւս մենք ավելի ցցուն կերպով տեսանք, որ մեդիան, լրատվամիջոցները, լրագրողները զգալի մասով դառնում են քաղաքական պայքարի գործիք եւ դերերի շփոթ է տեղի ունենում շատ դեպքերում, լրագրողները հանդես են գալիս այս կամ այն քաղաքական ուժի պաշտպան կամ ներկայացուցիչ»:
Մանրամասն տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի