Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախից հրաժարվել են, հիմա էլ արցախցիներից են հրաժարվում, մենք պետք է իմանանք մեր անելիքը»․ Արամայիս Աղաբեկյան

Ապրիլ 03,2025 12:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախցիները բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ՝ բարձրաձայնելով իրենց խնդիրները եւ լուծումներ պահանջելով։

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի իշխանություններն այնպիսի իրավիճակ են փորձում ստեղծել, որ արցախցիներն այլընտրանք չունենան ու արտագաղթեն։

«Պաշտոնական վիճակագրական թվեր են բերում, որ 14-15 հազար արցախցի է հեռացել Հայաստանից։ Այսինքն՝ տեղահանվածների ավելի քան 10 տոկոսն այս պահին լքել է ՀՀ տարածքը։ 12 հազար զինվորական է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն՝ ԱԱԾ աշխատակիցներ, զինվորականներ, սպայակազմ, ՆԳՆ աշխատակիցներ։ Խելքը գլխին առաջարկ է եղել՝ քանի որ այս մարդիկ պատերազմով անցած են, որոշակի փորձառություն ունեն, եկեք ըստ մասնագիտությունների, ըստ առանձին խմբերի եւ ըստ ստորաբաժանումների ինտեգրում իրականացրեք։ Զինվորականներն են դա առաջարկել, բայց դրանից էլ են հրաժարվել։ Այսինքն՝ եթե մենք գալիս ենք այն եզրակացության, որ Արցախից հրաժարվել են, հիմա էլ արցախցիներից են հրաժարվում, իմանանք մեր անելիքը։ Ուրեմն մենք այնպիսի իրավիճակում ենք, որ Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությունների հետ ինչ-որ գործառույթ իրականացնելու համար պետք է քաղաքական պարտիզանական պայքար մղենք»,- ասաց Արամայիս Աղաբեկյանը։

Նա ասաց, որ ոչ մի ակնկալիք չկա, թե Հայաստանի իշխանությունները կլսեն ու կկատարեն արցախցիների պահանջները։ «Ավելին, ես ներքին ինֆորմացիա ունեմ, որ որոշակի փակ շրջանակներում քննարկումներ գնացել են, եւ իրենք սոցաջակցության ծրագրի որեւէ փոփոխություն չեն ուզում իրականացնել։ Ինչ վերաբերում է մեր իրավունքների հարցին, այսօր ընդհանրական են խոսում, որ հայցերի հետքաշում է լինելու, չեն մասնավորեցնում, թե ինչ նկատի ունեն»,- հավելեց նա։

Ի՞նչ պետք է անել հարցին, Արամայիս Աղաբեկյանը պատասխանեց, որ եթե 3000 մարդ հավաքվի, գործողություններ կիրականացնեն, պետք է մաքսիմում խանգարել ներկա իշխանությունների ծրագրերի իրականացմանը։ Պետք է ամեն ինչ անել, որ նրանք իրենց կայացրած որոշումները գետնի վրա չկարողանան իրականացնել։ Եվ, ըստ Աղաբեկյանի, արցախցիների այս նախաձեռնությանը պետք է միանան նաեւ Հայաստանի բնակիչները։

«Հարցը դրված է այնպես, որ եթե արցախցիների նկատմամբ այս վերաբերմունքը մարսվում է, վաղը-մյուս օրը ՀՀ բնակչության նկատմամբ է նման վերաբերմունք լինելու։ Քննարկումները գնում են վաղը-մյուս օրը կարող է 300 հազար ադրբեջանցիներ գան այստեղ՝ ավելի մեծ իրավունքներով, քան մենք ունենք։ Եվ սա ես այնքան էլ անիրատեսական չեմ համարում»,- նշեց նա։

Նշենք, որ մարտի 29-ին հրավիրած հանրահավաքում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը պահանջագիր էր ներկայացրել Հայաստանի կառավարությանը։ Այսօր խորհուրդը հայտարարել է, որ կառավարությունում հանդիպելու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ եւ քննարկելու են արցախցիների պահանջները։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930