Մարտի 29-ին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հերթական անգամ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին Ազատության հրապարակում: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ասում է՝ անթույլատրելի է Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ:
«Այդ վերաբերմունքի դեմ բողոքի հավաքական արտահայտման ձևը եղավ նաև ամսի 29-ին տեղի ունեցած հանրահավաքը: Այս ամենը պատասխանն էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը՝ սկսած նրանից, որ Արցախն Ադրբեջանի մաս է, որ Արցախի հարցն այլևս փակված է, որ արցախցիների համար սոցիալական ծրագրերի վերաբերմունքը ներկայացնում են չհաշվարկված, ոչ հասցեական ու անարդյունավետ: Այս բոլոր իրողությունների պատասխանն էր այս հանրահավաքը: Դիտարկե՞լ սա որպես սոցիալական պահանջ: Բազմիցս ասել ենք, որ արցախցիները երբեք սոցիալական հարցերը չեն գերադասել իրենց հայրենիքից: Արցախցին բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է իր կոմֆորտ վիճակը զոհել հանուն հայրենիքի և ոչ թե հակառակը: Ներկայացնել, որ արցախցիները պահանջում են շարունակել այս կամ այն դրամական աջակցությունը, դա ուղղակի անթույլատրելի է: Ընդհակառակը՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պահանջում են, որ այն բոլոր սոցիալական ծրագրերը, որոնք իրականացվում են, էլ ավելի հասցեական և օգտակար կազմակերպել, իհարկե՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նրանք շատ լավ հասկանում են՝ Հայաստանի Հանրապետությունն անսպառ սոցիալական ծրագրեր իրականացնելու հնարավորություն չունի: Գտնում ենք, որ ծրագրերը պետք է լինեն հաշվարկված, գնահատված, որոշված լինի դրանց հասցեականությունը, օգտակարությունը և այլն: Բազմիցս այս հարցը բարձրացվել է, որ զուտ գումար բաժանելով՝ հնարավոր չէ արցախցու սոցիալական հարցերը լուծել: Արցախցին այդ հավաքով հայտարարեց, որ նա ուղղակի իշխանություններից պահանջում է ապահովել իր արժանապատիվ ժամանակավոր կեցությունը Հայաստանի Հանրապետությունում՝ մինչ հնարավոր կլինի վերադարձ հայրենիք: Եթե մարդիկ ցանկանային, ապա կնկատեին, որ կարմիր թելով անցնում էր վերադարձի գաղափարը: Արցախցիները նաև մասնավոր հարցազրույցների ժամանակ նշում էին՝ իրենց որևիցե գումար անհրաժեշտ չէ, իրենց անհրաժեշտ է, որ կարողանան վերադառնալ իրենց տները, կարողանան այցելել իրենց հարազատների գերեզմաններին, ուղղակի վերադառնան իրենց հայրենիքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:
Նա նաև հստակ կարծիք ունի, թե ինչու որոշ շրջանակներ փորձեցին այս հավաքին վերագրել բացառապես սոցիալական ուղղվածություն: Որքան էլ տգեղ լինի ձևակերպումը, բայց, այդ շրջանակների բնորոշմամբ, «արցախցիները փողի կռիվ են անում»:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։