Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե արձանագրված տոկոսներից հանում ենք «վարչական ռեսուրսով» իշխանության թեկնածուների ստացած իրական (այսպես ասենք՝ սրտաբուխ) ձայները, ապա տակը գրեթե բան չի մնում. «Փաստ»

Ապրիլ 03,2025 09:30

Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցած վերջին ընտրություններում, ինչպես արդեն առիթ ենք ունեցել նշելու, ՔՊ-ի թեկնածուները հավաքեցին քվեարկության մասնակիցների ձայների, համապատասխանաբար, 36 և 32 տոկոսը: Սա հատկանշական է՝ հատկապես «վարչական ռեսուրս» ասվածի օգտագործման առումով: Կարծում ենք՝ նույնիսկ փաշինյանական իշխանության կողմնակիցները (եթե դեռ այդպիսիք կան) չեն կարող հերքել, որ իրենց թեկնածուների ստացած տոկոսները առավելապես հենց «վարչական ռեսուրսի» չարաշահման, լավ՝ օգտագործման հետևանք են:

Կարծում ենք նաև, ավելորդ չի լինի մեկ անգամ ևս հստակեցնենք, թե տվյալ պարագայում ինչ նկատի ունենք՝ ասելով «վարչական ռեսուրս»: Խոսքը պետական կառավարման, իշխանական համակարգից որոշակիորեն նյութական (աշխատանքային) կախվածության մեջ գտնվող անձանց այս կամ այն կերպ հարկադրելու մասին է, որպեսզի ա) անպայման ներկայանան ընտրատեղամաս, բ) անշեղորեն «քվեարկեն» իշխանության ներկայացուցչի օգտին:

Ովքե՞ր են «տեղավորվում» այս տիրույթում: Նախ՝ պետական (բյուջետային ֆինանսավորմամբ գործող) հիմնարկությունների, պետական հաստատությունների, այդ թվում՝ իրավապահ համակարգի, դպրոցների, մանկապարտեզների, պետական բուհերի, պոլիկլինիկաների, հիվանդանոցների, մարզպետարանների, քաղաքապետարանների (համայնքապետարանների, վարչական շրջանների աշխատակազմերի) աշխատակիցները և այլն:

Ու, ի դեպ, բնութագրական է, որ, օրինակ՝ ի սատարումն ՔՊ-ի թեկնածուի հրավիրված հավաքին ամբողջ կոլեկտիվներով ներկայացել էին նշյալ որոշ կառույցների աշխատողներ, ինչն արձանագրեցին «դեպքի վայրում» գտնվող մեր գործընկերները: Եվ ինչպես նախընտրական հավաքների են «բերման ենթարկում», այնպես էլ դեպի ընտրատեղամասեր են ուղղորդում թվարկված շրջանակում գտնվող մեր հայրենակիցներին: Հիմա՝ թե ինչպես են դա անում իշխանություն ունեցողները, օրինակ՝ աշխատանքային պայմանների ու վարձատրության ավելացման «կոնֆետներով», թե գործից ազատելու, հաստիքը կրճատելու «մտրակներով» կամ այլ սպառնալիքներով, մեդալի դարձերեսն է: Բուն հարցն այն է, որ դա հենց «վարչական ռեսուրսի» չարաշահում է: Բայց այս ամենով, իհարկե, վարչական ռեսուրսը չի «սպառվում», դա գործիքների մի ամբողջություն է, որի պարագայում իշխանությունը ստանում է որոշակի առավելություն մրցակիցների նկատմամբ:

Հիմա, եթե արձանագրված տոկոսներից հանում ենք «վարչական ռեսուրսով» իշխանության թեկնածուների ստացած իրական (այսպես ասենք՝ սրտաբուխ) ձայները, ապա տակը գրեթե բան չի մնում: Առավելագույնը՝ 7-10 %: Դրանք են Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իրական քվեները, թեպետ որոշ փորձագետներ արդեն նշում են, որ իրականում այդ ցուցանիշը էլ ավելի ցածր է: Չվիճենք:

Այսինքն, այդ 7-10 % ասվածը ձայներն են այն մարդկանց, որոնք համարում են, որ Փաշինյանը փրկիչ է, «խաղաղության դարաշրջանապետ», նրա վարած քաղաքականությունը ճիշտ է, գումարած՝ «երդվյալ քպականները», եթե առանց «յուղոտ» պաշտոնների, մանդատների ու պարգևավճարների այդպիսիք դեռ կան:

Հիմա քպականները, մերձքպական շրջանակները ասում են, որ ՔՊ-ն, օրինակ՝ Գյումրիում չի պարտվել, որովհետև մյուս բոլոր թեկնածուներից, առանձին-առանձին վերցրած, ավելի շատ քվե է ստացել: Այո, ստացել է: Բայց ՔՊ-ի հետ ընտրապայքարի մեջ մտած մյուս 8 թեկնածուները և ուժերը «վարչական ռեսուրս» չեն ունեցել: Ավելին, մրցակիցները գործնականում ստացել են մաքուր, իրական քվեներ՝ պայքարելով այդ թվում՝ «վարչական ռեսուրսի» և կենտրոնական իշխանության կողմից ռեպրեսիվ միջամտությունների, խոչընդոտների դեմ ևս:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930