Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիր» ՔԿՀ-ի պետ Գարիկ Ծատուրյանի հորդորով ցմահ դատապարտյալը դադարեցրել է 5-օրյա հացադուլն ու ջրադուլը

Ապրիլ 02,2025 22:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արսեն Գասպարյանի հարազատները քիչ առաջ Aravot.am-ին տեղեկացրին, որ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Գարիկ Ծատուրյանի հորդորով՝ դատապարտյալը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը։

Հիշեցնենք՝ որ Արսեն Գասպարյանը  արդեն 5 օր է՝ առողջական խնդիրների պատճառով դիմել էր  ծայրահեղ այդ քայլին։ Դատապարտյալին վիրահատել էին ու տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ –ի իր խուցը, որի պայմաններն անհամատեղելի են հետվիրահատական շրջանի հետ։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի  «Արմավիրի» ստորաբաժանման բուժկետում վերանորոգման աշխատանքներն են ու հնարավոր չէ այնտեղ բուժումներ իրականացնել։ Արսեն Գասպարյանը պահանջում էր իրեն  տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, մինչեւ վերջնական ապաքինում։ Սակայն քրեակատարողական բժշկության կենտրոնի մասնագետները գտնում են, որ դեռ անհրաժեշտություն չկա Արսեն Գասպարյանին տեղափոխելու «Դատապարտյալների հիվանդանոց»։

Ըստ հարազատների՝ հոդվածի հրապարակումից հետո Արսենին տեղափոխել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն՝ նոր բուժհետազոտության նպատակով։

«Հրապարակումից հետո նրա մոտ եկավ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Գարիկ Ծատուրյանը՝ խորհուրդ տալով խնայել առողջությունը, դադարեցնել հացադուլն ու ջրադուլը։ Նաեւ ասաց, վերջնական ապաքինման նպատակով Արսենին տեղափոխելու են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ»,- ասացին հարազատները։

Նրանց խոսքով, այս օրերին Գարիկ Ծատուրյանը պարբերաբար հանդիպում էր Արսենին, զրուցում նրա հետ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը քիչ առաջ մեզ հետ հեռախոսազրույցում պաշտոնապես տեղեկացրեց, որ  որ Արսեն Գասպարյանը հացադուլն ու ջրադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել ու նրան արդեն տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»  քրեակատարողական հիմնարկ։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930