Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմի մասնակիցների, հայրենի հողի համար նահատակված մեր քաջորդիների սխրագործությամբ սերունդներ պետք է դաստիարակվեն․ Արման Թաթոյան

Ապրիլ 02,2025 21:30

ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը գրում է․

«Ինը տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 2-ին, Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումով սկսվեց Ապրիլյան պատերազմը։ Առաջին օրվանից, որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, մեկնելով Արցախ՝ անձամբ ականատես եղա ադրբեջանական զինված ուժերի հանցանքներին։ Ստիպված էինք արձանագրել, հավաքագրել մեր հայրենակիցների հանդեպ ադրբեջանական վայրագությունների փաստերը։

Նախ, թիրախային հարձակումների հետևանքով սպանվեց Ճարտարի բնակիչ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, վիրավորվեց ևս 4 երեխա։

Թալիշում ադրբեջանական զինվորականները խոշտանգեցին և դաժանաբար սպանեցին տարեց ամուսիններ Ռազմելա Վարդանյանին, Վալերիկ Խալափյանին և նրա 92-ամյա մորը` Մարուսյա Խալափյանին՝ նրանց իսկ տանը։

Զինծառայող Քյարամ Սլոյանի գլխատումը ադրբեջանական զինվորները նկարահանեցին և հրապարակեցին՝ պարծենալով իրենց հանցանքով։

Դրանից բացի, լայնորեն սկսեցին կիրառել «Սոլնցեպյոկ» ծանր հրետանի, անօդաչու սարքեր և այլն: Հրետակոծվեց Մատաղիսի ջրամբարը և այլն:

Այս ամենի հիմքում ընկած էր ադրբեջանական իշխանության հովանավորությամբ տարվող հայատյացության և ռասիզմի քաղաքականությունը։

Հետագայում 2020թ. 44-օրյա պատերազմով, Հայաստանի նկատմամբ 2022թ. սեպտեմբերյան հարձակումներով, 2023թ. սեպտեմբերից Արցախի էթնիկ զտումներով, հայ գերիների նկատմամբ վերաբերմունքով ադրբեջանական վայրագությունները ոչ միայն չնվազեցին, այլև ստացան դաժանության նոր դրսևորումներ։ Ամեն անգամ հանցանք կատարողների անպատժելիությունը բերեց նոր հանցանքներ:

Ապրիլյան պատերազմը նշանավորվեց մեր հերոսների սխրանքներով, հանուն հայրենիքի պայքարով: Այն նշանավորեց մեր ազգային ոգու զորությունն ու ինքնության անաղարտությունը:

Ապրիլյան պատերազմի մասնակիցների, հայրենի հողի համար նահատակված մեր քաջորդիների սխրագործությամբ սերունդներ պետք է դաստիարակվեն: Նրանց նվիրումը չպետք է մոռացության մատնվի, և սա է հիմա ամենակարևորը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930