Համացանցում հայտնված ձայնագրության փաստով, որը վերագրվում է Գյումրու ՏԻՄ ընտրություններին «Կոմունիստական կուսակցության» ցուցակով մասնակցած ու 9727 ձայն հավաքած Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, երեկ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Ձայնագրությունը համացանցում հայտնվել էր ուղիղ մեկ շաբաթ առաջ, այն հեռախոսային զրույց է, որտեղ զրուցակցին ասվում է՝ մինչև Միկրոյի շուկայի դարբասը գտնվող խանութների աշխատակիցների հետ ժամ պայմանավորվել՝ իր հետ հանդիպման։
Ձայնագրության մյուս հատվածում զրուցակիցը զեկուցում է, որ երկու հոգին մահացել են, մնացածների հետ ժամ է պայմանավորվել։ Այնտեղ հնչում են հայհոյախառն բառեր, սպառնալիքներ, թե «կանցնիմ, դուք հետո պրոբլեմ կունենաք, եթե ձեզ խելոք չպահեցիք»։
Ինչևէ, այս ձայնագրության համացանցում հայտնվելուց հետո Վարդան Ղուկասյանը մի քանի անգամ առիթ ունեցել է պարզաբանելու՝ ինքն է խոսո՞ղը, թե՞ ոչ։
Կարդացեք նաև
Նա իր ամփոփիչ հավաքի ժամանակ էլ մեծ բազմության առջև ասաց․ «Հիմա էլ ձայնագրել են, ասում են՝ հլը տեսեք՝ ինչ է խոսում, ահաբեկում է։ Ուրեմն բարձրաձայնում եմ, դա կոչվում է արհեստական բանականություն։
Էն օրն էլ դու թուրքերեն էիր խոսում, Նիկոլ։ Հիմա դա ո՞նց հասկանանք։ Հիմա դա դու իսկակա՞ն էիր խոսում, թե արհեստական բանականությունն էր»։
Նա այս հարցին մեկ անգամ ևս անդրադարձավ իր քվեարկության օրը՝ դարձյալ կրկնելով, որ արհեստական բանականությամբ են իր ձայնը կեղծել։
«Դատախազությունը թող ուսումնասիրի Նիկոլ Փաշինյանի թուրքերեն խոսելը, հիմա մենք ի՞նչ ասենք․ նա, որ թուրքերեն է խոսում, դա չեն ուսումնասիրո՞ւմ։ Էդ ի՞նչ են ասում, արհեստական բանականություն են ասում, թող հետաքրքրվեն, արհեստական բանականությունը ջրի երես դուրս կգա»։
Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում է․
«Oրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը` պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:
Նկատենք, որ քրեական վարույթը նախաձեռնվեց ճիշտ այն ժամանակ, երբ ակտիվորեն քննարկվում է Վարդան Ղուկասյանի՝ ընդդիմության կողմից քաղաքապետ ընտրվելու հարցը։ Նա իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանից հետո իր ձայների քանակով երկրորդ տեղն է զբաղեցնում, ընդդիմադիր երկու ուժեր՝ «Իմ հզոր համայնքն» ու «Մայր Հայաստան» դաշինքն արդեն իսկ հայտարարել են նրա օգտին քվեարկելու մասին։
Այս պահին դեռ պատասխան չի տվել «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը: Նա միայն հայտարարել է, որ Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չի ունենալու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ