Լրահոս
Օրվա լրահոսը

Բեմում` «Շունչ» թատրոնի «25-րդ ժամն» ընտանեկան դրաման

Ապրիլ 02,2025 22:11

Ընտանիք, որն ամեն օր մի նոր աշխատանք է փնտրում՝ երեխաների համար լավ ապագա կառուցելու ձգտումով, բայց այդ ճանապարհին կորչում է ամենակարեւորը՝ ընտանեկան ջերմությունը։ Այս ընտանիքը վաղուց դադարել է հավաքվել սեղանի շուրջ ու զրուցել, չգիտեն միմյանց խնդիրները: Ծնող-երեխա հարաբերություններում մի մեծ անջրպետ է գոյացել. օրվա 24 ժամն ավարտվում է, իսկ 25-րդ ժամ չկա:

«25-րդ ժամն» ընտանեկան դրամա է, հերոսներին մարմնավորում են Սիրանուշ Լազյանը, Էլեն Սաֆարյանը, Անի Պետրոսյանը, Սեւակ Սանթրոսյանը եւ Սեյրան Մովսիսյանը: Պիեսի հեղինակը Կարինե Խոդիկյանն է, բեմադրիչը՝ Արթուր Սարիբեկյանը, կոմպոզիտորը՝ Տիգրան Աթայանը, բեմանկարիչը՝ Արթուր Սարյանը:

Էլեն Սաֆարյանին հանդիսատեսը ճանաչում էր հեռուստատեսային նախագծերից, բայց այս պարագայում նրա բեմելն է։ Խոստովանում է՝ թատրոնն այլ աշխարհ է.

«Լինել բեմում ու խաղալ ներկայացում լիովին այլ զգացողություն է, ու շատ տարբերվում է հեռուստասերիալային մթնոլորտից, նկարահանման հրապարակից։ Ամեն ներկայացումից հետո ինձ առավել քան ինքնավստահ եմ զգում։ Իսկ հանդիսատեսից եկող էներգիան առավել քան ուժ է տալիս։ Հատկապես, երբ բեմում զգում ես, որ նա քեզ հետ հավասար ապրում է այն զգացողությունները ինչ քո կերպարը»,-ասում է դերասանուհին։

Էլենի Ջենիսն ունի չհասկացված լինելու խնդիր, կռիվը հիմնականում ծնողների հետ է, քանի որ սիրո եւ ուշադրության պակաս է զգում. «Շատ սիրեցի Ջենիսի կերպարը ու մենք մի քանի ընդհանրություններ ունենք, բայց դա չի վերաբերվում ընտանեկան հոգատարությանը։ Մենք ինչքան էլ զբաղված լինենք, հայրս նույն ոլորտից է, (Էլեն Սաֆարյանը երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրն է-Ն․ Գ․) ժամանակ գտնում ենք ընտանիքի հետ անցկացնելու․ դրանք իմ ամենասիրելի պահերն են։ Ջենիսը ինձ համար շատ կարևոր է իր խնդրով, քանի որ շատ աղջիկներ ուշադրության պակասից փորձում են տարբերվել, իրենց ցույց տալ՝ երբ իրենց ընդամենը պակասում է սերը և ուշադրությունը։ Հուսով եմ, որ կարողանում եմ իմ խաղով փոխանցել իր բոլոր էմոցիաները, իր խնդիրը և հասցնել հանդիսատեսին կերպարիս պատճառաբանությունը ու արդարացնել իրեն»,–ասում է Էլենը։

Ընտանիքի որդուն մարմնավորող Սեյրան Մովսիսյանն ասում է՝ ներկայացումը հուզվելու համար չէ, այլ՝ խորհելու, նաեւ անկեղծանում է, որ ունի 25-րդ ժամի կարիքը. «Սամվել Դանիելյանի հետ որոշեցինք թեման բարձրաձայնել, քանի որ գիտենք՝ այս խնդիրն ունեցող շատ ընտանիքներ կան: Մենք նաեւ ժամանակ ենք տրամադրում անիմաստ բաների, փոխարենը մոռանում ենք ամենակարեւորի՝ ընտանեկան ընթրիքի մասին։ Հիմա փորձում եմ իմ 4 տարեկան տղայի հետ ավելի շատ ժամանակ անցկացնել»:

Եվ այս ընտանիքը դրական լույսի ներքո պետք է ներկայացնի լրագրողը, որին մարմնավորում է Սիրանուշ Լազյանը։ Դերասանուհին խոստովանում է՝ կերպարը դժվար է տրվել. «Հասկացա, թե ինչ բարդ է լրագրողական պարտականություններ կատարելը: Հասկացա լրագրողների հոգեբանական ծանր ապրումները՝ ինչպես են կարողանում մարդկանց բացահայտել, վերհանել նրանց խնդիրները։ Ներկայացումն այն ընտանիքների մասին է, որոնք ամեն ինչ անում են լավ ապրելու համար, բայց մոռանում են ամենակարեւորը՝ երեկոյան պետք է համբուրեն իրենց զավակներին եւ փոխանցեն ծնողի ջերմությունը: Իմ կերպարը կարողանում է այնպես անել, որ մարդիկ պարզ աչքերով նայեն իրար»:

«25-րդ ժամը»՝ ըստ թատրոնի համահիմնադիր Սամվել Դանիելյանի , շատ նուրբ ու խոցելի թեմա է շոշափում, ընտրված է հենց այս ժամանակի համար․ «Դերասանական խաղը, բեմադրությունը, ամեն ինչ արված է այնպես, որ բավարարենք հանդիսատեսի պահանջը»:

«Շունչ» թատրոնի համահիմնադիր Սեյրան Մովսիսյան էլ նշում է, որ թատրոնն անդրադառնում է այն թեմաներին, որոնք հետաքրքրում են հասարակությանը՝ անկախ տարիքից ու սեռից․ «Մենք համագործակցում ենք և՛ երիտասարդ, և՛ արդեն ճանապարհ անցած ռեժիսորների ու դրամատուրգների հետ։ Այս ընթացքում հասցրել ենք տարբեր ժանրերի 4 ներկայացում բեմադրել»։

Սամվել Դանիելյանը խոստովանում է, որ մտավախություն կար թատրոնը բացելուց առաջ. «Թատրոնը բացվեց հենց այն ժամանակ, երբ վտանգի տակ էին ու փակվում էին տարբեր թատրոններ: Մտավախություն կար, բայց համարձակությունն ավելի մեծ էր: Կար հստակ որոշում՝ ոչ մի կերպ չհանձնվել, եթե անգամ ձախողում ունենանք առաջին ներկայացմամբ, միևնույն է՝ գնանք առաջ»։

«Շունչ» թատրոնը ստեղծվեց գրեթե երեք տարի առաջ, բայց արդեն հասցրել են հյուրախաղերով հանդես գալ Եվրոպական մի շարք երկրներում, իսկ առաջիկայում էլ պատրաստվում են հանդիպել մոսկովյան հանդիսատեսի հետ։ Մրցանակները նրանց կյանքում նույնպես անպակաս չեն եղել։ Երկու անգամ արժանացել են թատերական ամենամյա «Արտավազդ» մրցանակի։ Սամվել Դանիելյանը հումորով նկատում է, թատրոններ կան, որ տարիների շարունակ գործում են ու գոնե մեկ անգամ «Արտավազդի» չեն արժանացել, բայց իրենք արդեն երկուսն ունեն, ինչը շատ հաճելի է։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930