Ermenihaber. Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է Ստամբուլի քաղաքապետարանի նկատմամբ կաշառակերության մասին հարուցված հետաքննության մեկնարկից հետո բոյկոտ անելու վերաբերյալ հնչեցվող կոչերին:
Նա նմամանատիպ քայլեր իրականացնողներին մեղադրել է միմիայն սեփական քաղաքական նպատակների կյանքի կոչման նպատակով մարդկանց փողոց դուրս բերելու մեջ:
«Նրանք, ովքեր փորձում են ատելության ու թշնամանքի սերմեր ցանել մեր ժողովրդի մեջ և «նրանց խոշտանգում են» ասելով զրպարտել երկրին, հիմա «բոյկոտի կոչ» են անում»,-գրել է նա:
Հիշեցնենք՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին: Այդ օրվանից ի վեր մինչ օրս Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց, պահանջում նրա ազատ արձակումն ու բողոքում գործող իշխանությունից: Ցույցերն ու հավաքները հիմնականում ուղեկցվում են ընդդիմադիր և հատկապես «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամների մասնակցությամբ և ելույթներով: