«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո դասեր քաղվել են։ Եթե չլիներ 2018-ի հեղափոխությունը, ապա կկարողանայինք դիմակայել 2020-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը։
Նշենք, որ այսօր 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցն է։
Դավիթ Գալստյանը վստահեցրեց․ «Մենք դասեր քաղել էինք, իզուր չէ, որ ասում ենք՝ քառօրյա, քանի որ կարճ ժամանակում մեր ՊԲ-ն կարողացավ ինքնակազմակերպվել, կանգնեցնել թշնամու առաջխաղացումը, որից հետո հերթական հրադադարը կնքվեց, ինչը տեղի չունեցավ 44-օրյայի ժամանակ»։
Ըստ պատգամավորի՝ այսօրվա իշխանությունները, շահարկելով քառօրյա պատերազմ ձևակերպումը, հայրենիք են հանձնել՝ 400 հեկտար, բարձունք են կորցրել և Արցախը հանձնում են. թեզերով թուրք-ադրբեջանական տանդեմին մի ամբողջ Արցախ նվիրեցին․ «Ցավոք, այսօր նրանք ընդհուպ չեն հիշում, որևէ հանրային խոսք չասացին քառօրյա պատերազմի հերոսների մասին»։
Կարդացեք նաև
Դիմելով ՀՀ իշխանություններին՝ Դավիթ Գալստյանն ասաց․ «Կողմնորոշվեք՝ ինչ եք ուզում, քանի կար՝ Արցախը Հայաստան էր, հիմա արցախցիներին ՀՀ քաղաքացի չեն համարում կամ նման այլ հայտարարություններ, թե ինքը գլխավոր գերագույն հրամանատարն է, հետո ասում է՝ ինքն ի՞նչ որոշում կարող էր կայացնել․ գեներալների խորհրդին է լսել (Նիկոլ Փաշինյանին նկատի ունի,-Տ․Հ․) և այլն։ Այս ամենից հետո խոսել իշխանազավթումից, այն մարդկանց անունից, որոնք այսօր ՀՀ-ում չեն գտնվում, դա թյուրիմացություն է, փորձում են իրենց մեղքի բաժինը բարդել այլոց վրա, որոնք նրանց այսօր պատասխանել չեն կարող։
Մեր ռազմագերիները, եթե լինեին ՀՀ-ում, այս իշխանությունները չէին կարող ասել, որ 2023-ին իշխանազավթում է եղել։ Իշխանությունը, որ հրաժարվել է, որևէ պարտադրանքի ներքո չի հրաժարվել, և նրանց բոլոր քայլերը համաձայնեցված են եղել Նիկոլ Փաշինյանի հետ։ Օրվա իշխանություններն այս անպատասխան թեզով փորձում են ժողովրդին մանիպուլացնել և մեղքը բարդել արցախցիների վրա, Արցախի իշխանությունների վրա։ Իրենց աչքի առաջ եղած գերանը չեն տեսնում, փորձում են ուրիշներին ինչ-որ բաներ բացատրել։ Դա հանրությունը հասկանում և դրա գնահատականն արդեն տալիս է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ