«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Այս երկու պայմանների կատարումից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի»,- ասել է Ալիևը գերմանացի գործընկեր Շտայնմայերի հետ մամուլի ասուլիսում։
Այդ համատեքստում ցանկացա կիսվել ադրբեջանցի երկու փորձագետների քննարկումից մեկ այլ դրվագով, որտեղ մեկը նշում է, որ միջազգային իրավունքում անընդունելի է, թե ինչպես կարող է որևէ պետություն մեկ այլ պետությունից սահմանադրություն փոխել պահանջի։ Նա իրավացի է, եթե Հայաստանում լիներ պետական շահը սպասարկող իշխանությունը Ալիևը երբեք չէր կարողանա նման նվաճումների հասնել․․․
Ես դեռ երկու տարի առաջ մի գրառում էի արել ու համեմատել «Խաղաղության պայմանագրի» մասին խոսույթը Աղայանի հեքիաթի հետ՝ կանխատեսելով՝ «Ադրբեջանը նոր պահանջներ առաջ կքաշի «երանելի» պայմանագրի ստորագրման համար: Դրանք կլինեն թե՛ տարածքների ու իրավունքների զիջման և թե՛ արժանապատվության ու գաղափարական դաշտում մեզ նսեմացնելուն և քայքայելուն ուղղված քայլեր», իսկ Փաշինյանն էլ դրանք կկատարի։ Ցավոք, դա իրողություն է դարձել…