Դատավորների և դատախազների վերաբերյալ հրապարակային քննադատությունը չպետք է հանգեցնի քրեական պատասխանատվության, եթե այն ունի հանրային նշանակություն․ ՏՎԽ-ն հրապարակել է փորձագիտական կարծիք
Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Սահմանադրական դատարանի դատավորներին արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող հրապարակային արտահայտություններ կատարելու համար: Ղազարյանի նկատմամբ կիրառվել է երկրից չբացակայելու արգելք, ապա հավելվել է վարչական հսկողություն՝ արգելելով դատավորների, հարկադիր կատարողների, դատախազների, քննիչների, փաստաբանների և նրանց ազգականների վերաբերյալ հանրային կերպով արատավորող տեղեկություններ հայտնել։
Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է, որ
Ղազարյանի նկատմամբ սահմանված խափանման միջոցն անհամաչափ է, քանի որ քրեական գործն առնչվում է Սահմանադրական դատարանի դատավորներին, իսկ խափանման միջոցն ընդգրկում է անձանց շատ ավելի լայն շրջանակ։
Կարդացեք նաև
Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածը պետք է ընդհանրապես հեռացվի այդ օրենսգրքից, իսկ հրապարակային հայտարարություններից արդարադատության հեղինակության իրավական պաշտպանությունը դիտարկվի բացառապես քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում, քանի որ քրեաիրավական մեխանիզմների կիրառումը վտանգում է ազատ խոսքի իրավունքը։
Եթե, այդուհանդերձ, հոդվածն օբյեկտիվորեն անհրաժեշտ է արդարադատության շահերի դեմ ուղղված հանցագործությունների կանխման նպատակով, Խորհուրդն առաջարկում է բարեփոխել այն, հստակեցնել, թե «արատավորող» եզրույթի քրեաիրավական բովանդակությունը ինչով է տարբերվում նույն եզրույթի քաղաքացիաիրավական բովանդակությունից։
Դատավորները և դատախազները չպետք է գտնվեն օրենքի հատուկ պաշտպանության տակ, նրանց վերաբերյալ հրապարակային խոսքը չպետք է հանգեցնի քրեական պատասխանատվության, եթե այն արտահայտվել է հանրային շահի հետապնդմամբ։
Խորհրդի կարծիքը՝ մեկնաբանություններում տեղադրված հղումով։
Ինֆորմացիայի ազատության կենտրոն