Գյումրիում եւ Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ եզրակացությունը «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը կներկայացնի ԿԸՀ՝ երկու մասից բաղկացած զեկույցով։ Այսօր կայացած ասուլիսում առաքելության անդամ, իրավաբան Գոհար Մելոյանը մանրամասնեց՝ զեկույցի առաջին մասը կլինի նախընտրական շրջանին վերաբերող, երկրորդ մասը՝ բուն ընտրական գործընթացի։
Գոհար Մելոյանը խոսեց Գյումրիում բուն ընտրական գործընթացում արձանագրված որոշ խախտումների մասին։ Ընտրության մեկնարկի հենց սկզբից բազմաթիվ տեղամասերում տեխնիկական խախտումներ են արձանագրվել․ ուղիղ հեռարձակումը չի ապահովել քվեարկության ամբողջ գործընթացի տեսանելիությունը, ինչը ԸՕ-ով սահմանված պարտադիր պայման է, քվեարկության սենյակներն են հաճախ փոքր եղել, ինչը խոչընդոտել է հանձնաժողովի բնականոն աշխատանքը եւ այլն։
Բովանդակային խախտումներից տիկին Մելոյանն առանձնացնում է՝ տարբեր պաշտոնյաներ առաքելության անդամների նկատմամբ սպառնալիքներ են հնչեցրել՝ դատական հայցեր ներկայացնելու տեսքով։ Իր գնահատմամբ՝ դրանք անհիմն, մանիպուլյատիվ բնույթի մեղադրանքներ են եւ առնվազն հրապարակային ներողություն է հայցում։ Նաեւ՝ պաշտոնատար անձը՝ վստահված անձի կարգավիճակով, քարոզչություն է իրականացրել կոնկրետ ուժի օգտին եւ ուղղորդել է ընտրողներին՝ կոնկրետ թեկնածուի ընտրելու։ Այս խախտումն արձանագրելուց եւ տվյալ անձին տվյալ տեղամասից հեռացնելուց հետո, բանախոսը ոչ մի երաշխիք չունի, որ նա իր այդ գործունեությունն այլ տեղամասում չի շարունակել։ Քաղաքացիական հագուստով ոստիկանական ծառայողներ են եղել որոշ տեղամասերում, ինչը նույնպես ներգործություն է ընտրողի վրա։
Գոհար Մելոյանը խնդրահարույց է համարում նաեւ ընտրողին տրցակներով տրվող քվեաթերթիկների հարցը․ քաղաքացին բազմաթիվ դեպքերում մտնում է քվեախուց եւ հայտարարում, որ իր համար ցանկալի ուժի քվեաթերթիկը չի գտնում եւ խառնաշփոթ է սկսվում։ Նաեւ՝ քվեարկության ծրարի՝ առանց դրոշմանիշի քվեատուփ գցելը, վստահված անձանց կողմից մասնակիցների մասին նշումները, որոնք, տվյալ դեպքում, զուտ նշում չեն եղել, այլ վերահսկողություն՝ ընտրողների նկատմամբ, լուսանջատումները եւ այլն։
Կարդացեք նաև
Ի դեպ, առաքելությունը դեռ ուսումնասիրություններ կիրականացնի, թե լուսանջատումները որքանո՞վ են ազդել քվեարկության արդյունքների վրա։ Որոշ դեպքերում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չեն ազդել, որոշ տեղամասերում՝ դեռ հստակեցումների կարիք կա։
Մանրամասները՝ տեսանյութում
Նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանն էլ հավելեց՝ շատ մտահոգիչ էր, որ շատ տեղամասերում որոշ վստահված անձինք հաշվարկ էին կատարում․ բանախոսը վստահեցնում է՝ իրենք հաշվառում էին քվեարկողների 1/3-ին, ինչը փաստում է ոչ թե ընդհանուր հաշվառման, այլ կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկողներին էին հաշվառում։ Արձանագրվել են ուղղորդման դեպքեր, կոնկրետ մեքենաներով, որոնք օրվա ընթացքում 10-20 անգամ հայտնվում էին տեղամասի մոտ։ Ոչ միայն քվեաթերթիկում առաջին համարի, այլ շատ թեկնածուների պաստառներ սահմանված վայրերին շատ ավելի մոտ են գտնվել։
Մանրամասները՝ տեսանյութում
Դիտորդական առաքելության անդամ Ատոմ Մխիթարյանն էլ ներկայացրեց Փարաքար համայնքում իրականացված առաքելության արդյունքները․ դարձյալ կուտակումներ, ուղղորդումներ, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» պարբերականի լրագրողը ընտրատեղամաս է ներկայացել՝ առանց անձը հաստատող փաստաթղթի, ԿԸՀ-ից զանգով հորդորել են՝ նրա մուտքը տեղամաս թույլատրել եւ այլն։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ