Ավստրիական զարգացման գործակալությունը արդեն մի քանի տարի է` իրականացնում է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագիրը։ Երեւանում Կանաչ գյուղատնտեսության միջազգային կոնֆերանսին, որի կազմակերպիչներն են ՀՀ կառավարությունը, Եվրոպական միությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայաստան են ժամանել մեծ թվով մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, որոնք ներկայացնելու են այս ոլորտում իրենց փորձը։
«Կոնֆերանսը կազմակերպվում է ԵՄ աջակցությամբ՝ Հայաստանում կանաչ գյուղատնտեսության ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ Կոնֆերանսում համախմբվում են ժամանակակից նորարական մոտեցումներ ներկայացնող, ինչպես նաեւ պրակտիկ աշխատող մարդիկ, որոնք Հայաստանում աշխատում են գյուղատնտեսության ոլորտում։ Այսպիսով` պրակտիկ իրագործումը կապակցվում է ժամանակակից մոտեցումների հետ»,-լրագրողների հետ զրույցում ասաց «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը։
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպես է գնահատում Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, Պասկալ Բոկկերսն այսպես արձագանքեց․ «Հայաստանում գյուղատնտեսության լայն բազմազանություն կա՝ առեւտրային, տնային տնտեսությունների մակարդակում գյուղատնտեսական գործունեություն։ Տարիների ընթացքում էական աճ է արձանագրել առեւտրային գյուղատնտեսությունը, եւ ես կարծում եմ, որ ժամանակակից տեխնոլոգիաների կարիք կա այս առումով։ Նոր մոտեցումների կիրառմամբ աշխատանքը թույլ կտա խնայել ռեսուրսներ, ինչն ավելի լավ կլինի շրջակա միջավայրի համար, ավելի քիչ ջուր եւ էլեկտրաէներգիա կօգտագործվի։
Հիշում եմ, երբ տարիներ առաջ դեռ նոր էի եկել Հայաստան, այն ժամանակ սահմանափակ թվով ծրագրեր կային, իսկ այժմ շատ մեծ բազմազանություն կա, ու կարծում եմ, որ ամեն բան դեռ ավելի կզարգանա։ Մարդիկ հետաքրքրված են կանաչ արտադրությամբ, շրջակա միջավայրի համար շահեկան արտադրական մեթոդներով․․․Հատկապես երիտասարդները հետաքրքրված են բնապահպանական իրավիճակով։ Հայաստանը պետք է հաշվի առնի, որ տնտեսության մի զգալի մասը գյուղատնտեսությամբ է պայմանավորված, մարդիկ աշխատում են այդ ոլորտում։ Նաեւ անհրաժեշտ է սննդի արտադրության մեջ ավելի ինքնաբավ լինել, միգուցե 100 տոկոսով հնարավոր չէ դրան հասնել, բայց պարենային ներուժ կա եւ ներուժ կա՝ զարգացնելու համար օրգանական արտադրությունը»։
Ինչ վերաբերվում է ծրագրի արժեքին, «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի ղեկավարը նշեց, որ մեկնարկը տրվել է 2019-ին, ավարտվում է այս տարվա մայիսին, ծախսը ֆինանսավորում է ԵՄ-ն ՝ 9,7 եվրոյի չափով, Ավստրիայի կառավարության կողմից այն կազմում է 3,6 մլն եվրո եւ հիմնականում ուղղված է կանաչ, օրգանական տնտեսությանը։ «Ուկրաինայի ճգնաժամից հետո, երբ դժվարացավ Ռուսաստանից սերմացու ներմուծելը, մենք սկսեցինք աջակցել նաեւ սերմացու արտադրող ֆերմերներին։ Մեկ տարի է` աջակցում ենք այն ֆերմերներին, որոնք Արցախից են հաստատվել Հայաստանում։ Տարբեր ծրագրեր ունենք իրենց համար, այդ թվում՝ հնդկահավի, ճագարի բուժման եւ կանաչ ջերմոցների ուղղությամբ»,-հայտնեց նա։
Հայաստանի ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, նույն բուհի դասախոս Վարդան Ուռուտյանի խոսքով, կոնֆերանսի նպատակն է տարածել, խթանել կանաչ, կայուն, օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում, քննարկել, թե ինչ հաջողված փորձ կա աշխարհում եւ ինչ կարող ենք անել թե գյուղատնտեսական ոլորտի քաղաքականության, թե կրթության եւ գիտության ոլորտում, որպեսզի խթանվեն կանաչ գյուղատնտեսության գործելակերպերը։
«Այսօր շատ է կարեւորվում այդ ամենը, որովհետեւ ունենք կլիմայական փոփոխություններ, հողերի դեգրադացիա, ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարում։ Այս կոնֆերանսի նպատակն է բարձրաձայնել այս խնդիրները, խոսել մարտահրավերներից, նաեւ այն մասին` ինչպես կարող ենք օգտագործելով բարձր տեխնոլոգիաները եւ նորարար լուծումները, այս կայուն կանաչ գործելակերպերը՝ Հայաստանի գյուղատնտեսությունը զարգացնելու, դիմակայունությունը բարձրացնելու համար»,-ընդգծեց Վարդան Ուռուտյանը։
«Սա մեծ հնարավորություն է՝ մի կողմից ուշադրություն դարձելու համար գյուղատնտեսության զարգացման հեռանկարային ուղղություններին, մյուս կողմից համախմբելու ոլորտում փորձառություն ունեցող տարբեր մասնագետների»,-Հայաստանում, առաջին անգամ անցկացվող նման մասշտաբի կոնֆերանսի մասին ասաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանը: Նրա խոսքով․ «Մի կողմից ունենք բազմաթիվ եվրոպական երկրներից հրավիրված հյուրեր, որոնք կարող են ներկայացնել իրենց երկրի փորձը, մյուս կողմից Հայաստանը կարող է կենտրոնանալ հետեւյալ հարցի վրա՝ գյուղատնտեսություն դեռեւս չի նշանակում այն, ինչ մենք ենք պատկերացնում։ Բնության ճանաչած օրինաչափությունները հաշվի առնելով՝ պետք է կարողանանք կազմակերպել մեր գործունեությունը՝ արդյունքում ստեղծելով բարիքներ, բնության հետ ներդաշնակ համագործակցության միջոցով»։
Հավելենք, որ երկօրյա կոնֆերանսի շրջանակում մասնակիցները դաշտային այց կկատարեն Զաբել Եսայանի անվան ագրոբիզնեսի կենտրոն և Կանաչ ուսուցման կենտրոն։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ