Այսօր Հակակոռուպցիոն դատարանը մերժեց «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Անահիտ Խալաթյանի նկատմամբ տնային կալանք խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը:
Դատարանը կիրառեց վարչական վերահսկողություն:
«Այս պահին տիկին Անահիտն արդեն ազատության մեջ է»,- ասաց Խալաթյանի պաշտպան Արսեն Բաբայանը:
Տիկին Խալաթյանին մեղսագրվում է ընտրակաշառք տալը, ըստ փաստաբանի, մեղադրանքի վերաբերյալ լրացուցիչ փաստական հանգամանքների վերաբերյալ չխոսելու համար վարույթ իրականացնող մարմինը պաշտպանական կողմին նախազգուշացրել է, որ իրավունք չունեն տեղեկություններ տրամադրել. «Իմ պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, որովհետեւ նման դեպք չի եղել: Մեղադրանքի հիմքեր գոյություն չունեն, ինչ-որ բաներ փորձել էին դնել, բայց իմ գնահատմամբ, դրանք հիմքեր չեն»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Անահիտ Խալաթյանը Գյումրու ընտրությունների օրը այլ տարեց կանանց հետ ձերբակալվել էր հնարավոր ընտրակաշառք բաժանելու կասկածով: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
Հիշեցնենք, որ ձերբակալված կանանց նկատմամբ ճնշումներ են եղել , այդ ճնշումներից անմասն չի մնացել նաեւ Անահիտ Խալաթյանը: Նրա պաշտպանն ավելի վաղ հայտնել էր, որ Խալաթյանը հարված է ստացել գլխին, հարվածել ու ասել են՝ ցմահ նստելու ես, ի՞նչ ես գտել Մարտունի մեջ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ