Այս տարվա հունիսի 30-ին Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունում սպասվում է հերթական փոփոխությունը։ Ըստ այդմ՝ հունիսի 30-ից ոչ վիզային ռեժիմի քաղաքացիները ՌԴ մեկնելիս պետք է անցնեն գրանցման ընթացակարգ միասնական նույնականացման եւ վավերացման համակարգում՝ օգտագործելով միասնական պորտալի բջջային հավելվածը։ Եվ դա լինելու է ոչ ուշ, քան ՌԴ ծրագրված մուտքից 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը։
«Բացատրեմ՝ ինչի մասին է խոսքը․ առայժմ քննարկվում է ստեղծել համակարգ, որը բջջային հավելված է լինելու, որտեղ օտարերկրացին իր համար բացելու է կաբինետ, լրացնելու է իր տվյալները եւ դիմելու է, որ ինքը պատրաստվում է 72 ժամ հետո մուտք գործել ՌԴ։ Իր տվյալները ստուգվելու են ՌԴ պատկան մարմինների կողմից, եւ եթե նրա մուտքը կթույլատրվի, նա կստանա համապատասխան կոդ, որը սահմանին կներկայացնի սահմանապահին։ Առանց այդ կոդի օտարերկրացուն ուղղակի թույլ չեն տա մուտք գործել ՌԴ։ Այսինքն՝ դա վերաբերում է բոլոր ոչ վիզային ռեժիմի երկրներին, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացին, օտարերկրացին պարտավոր է 72 ժամ առաջ տեղեկացնել, որ մուտք է գործելու ՌԴ։ Եվ եթե ինքը չունեցավ հաստատման կոդը, որ ՌԴ-ն պատրաստ է այդ անձին ընդունել, ուղղակի նրա մուտքը թույլ չեն տա ՌԴ»,- ասաց Տաթեւիկ Բեժանյանը։
Նա նշեց՝ ստացվում է, որ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար այսպիսով ստեղծում են յուրօրինակ վիզայի մեխանիզմ։
Կարդացեք նաև
Բեժանյանը նշեց, որ այսօր արդեն գործում է կարգավորում, որ ՌԴ սահմանապահն իր հայեցողությամբ կարող է անձին թույլ չտալ մուտք գործել ՌԴ, եթե կարծում է, որ տվյալ անձը կարող է սպառնալիք լինել ՌԴ անվտանգության համար։ «Հիմա դա կիրականացվի պորտալի մակարդակով, այսինքն՝ 72 ժամ առաջ նույն պատկան մարմինները կստուգեն այդ անձի տվյալները, եթե կգտնեն, որ նա սպառնալիք չէ, այդ դեպքում թույլ կտան մուտք գործել ՌԴ»,- հավելեց նա։
Բեժանյանն ասաց, որ այս հարցով լայնածավալ իրազեկման աշխատանքներ են նախատեսում իրականացնել, որպեսզի ՌԴ մեկնող անձինք տեղեկացված լինեն։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ