Լրահոս
Օրվա լրահոսը

Եվայի կարծիքով՝ մեկ գործիքի տիրապետելը քիչ է. «Վարպետ փոքրիկներ»

Ապրիլ 02,2025 13:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 28-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճը կրկին մարդաշատ էր: Վերսկսվեց «Վարպետ փոքրիկներ» նախագիծը, որը մեկնարկել էր 2019 թ.: Այն նպատակ ունի բացահայտելու երաժշտական և արվեստի դպրոցների շնորհաշատ սաներին և հարթակ տրամադրելու՝ նրանց իրենց հմտությունները հանրությանը ներկայացնելու:

2025 թվականի «Վարպետ փոքրիկներ» նախագծի առաջին մասնակիցն Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սան 10-ամյա Եվա Ներսիսյանն էր: Այս պայծառ աղջնակն իր գործիքը՝ ֆլեյտան, ընտրել է 5 տարեկան հասակում և ծնողներին խնդրանք-պահանջ ներկայացրել՝ իրեն տանել երաժշտական դպրոց: Ընդամենը 2 տարում Եվան հասցրել է դառնալ բազմաթիվ մրցույթ-փառատոների («Արտ Մյուզիք», «Յունիվերս Արտ», «Կամերտոն Սոլիստ» և այլն) մրցանակակիր:

Զրույց-համերգի ընթացքում փոքրիկ երաժիշտը ոչ միայն հիացրեց իր կատարումներով, այլև ներկաներին պատմեց իր նախասիրությունների ու նվիրական երազանքների մասին: Նրա կատարմամբ և դաշնակահար Հայկուհի Նավոյանի նվագակցությամբ հնչեցին Ա. Սպենդիարյանի, Յու. Դոլժիկովի, Ա. Խաչատրյանի, Յ. Ս. Բախի և այլոց ստեղծագործությունները: Իսկ սիրելի ուսուցչուհի Սուսաննա Այվազյանի հետ Բեթհովենի Մենուետը՝ երկու ֆլեյտայի համար, դարձավ օրվա հաճելի անակնկալը:

Եվայի կարծիքով՝ մեկ գործիքի տիրապետելը քիչ է, հետևաբար նա նաև սեփական նախաձեռնությամբ դաշնամուր է պարապում Անահիտ Վշտունու ղեկավարությամբ:

Եվայի առաջին կարգի և «Գրան պրի» մրցանակների շարքին ավելացավ ևս մեկը. Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի կողմից Եվա Ներսիսյանին շնորհվեց «Վարպետ փոքրիկներ-2025» ծրագրի առաջին մասնակցի պատվոգիրը և խորհրդանշական մրցանակը: Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը ջերմորեն շնորհավորեց վարպետ փոքրիկ Եվային և իր շնորհակալական խոսքը հղեց երաժշտական դպրոցի մանկավարժական կոլեկտիվին, տուն-թանգարանի աշխատակազմին՝ ի դեմս ավագ գիտաշխատող Ինեսսա Խաչատրյանի, որը և իրականացրել էր «Վարպետ փոքրիկներ» ծրագրի բովանդակային և կազմակերպչական աշխատանքը: Նա նշեց, որ միայն նվիրումի և աշխատանքը սիրով անելու դեպքում է հնարավոր նման օրերի կայացումը, և շնորհալի երեխաներին ներկայացնելու, ասպարեզ բերելու, նրանց մեջ մեծ ներուժն ի հայտ բերելու առաքելությունը տրված է այն միջավայրին, որտեղ նրանք հայտնվում են, իսկ դա դպրոցն է՝ իր ջերմ ու բարի մթնոլորտով:

Ի պատասխան՝ Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մոնիկա Պետրոսյանը իր շնորհակալական խոսքում նշեց, որ Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի հետ համագործակցությունը շարունակական և ամուր հիմքերի վրա է դրված և որ պատվաբեր է լինել այս նախագծի վերամեկնարկողը:

Այս երկու մշակութային հաստատությունների հոգևոր և բարեկամական սերտ համագործակցությունն անշուշտ շարունակական է, և «Վարպետ փոքրիկներ» ծրագրի հաջորդ մասնակիցը նույնպես Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաներից է լինելու:

 

Նյութը՝ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930