Ապրիլի մեկից Ռուսաստանում ուժի է մտել միգրացիոն օրենսդրության վերաբերյալ փոփոխություն, ըստ որի՝ օտարերկրացիների երեխաները ՌԴ դպրոցներում սովորելու համար անպայման պետք է քննություն հանձնեն ռուսաց լեզվից։ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ անցողիկ շեմը չհաղթահարած երեխաներն ուղղակի չեն կարողանա սովորել դպրոցում։
«Նաեւ կստուգվի երեխայի ծնողների եւ երեխայի՝ ՌԴ-ում գտնվելու օրինականությունը։ Ես այստեղ ուզում եմ բոլոր մեր այն հայրենակիցների ուշադրությունը հրավիրել, ովքեր ՌԴ են մեկնել ընտանիքներով եւ որոնց երեխաներն այս պահին սովորում են դպրոցներում։ Ճիշտ է, փետրվարի 5-ից արդեն սկսել էին ստուգել՝ արդյոք երեխաներն օրինակա՞ն են գտնվում ՌԴ-ում, բայց ապրիլի մեկից սկսած խիստ ստուգումներ են լինելու ՌԴ բոլոր դպրոցներում։ Եթե երեխաների գրանցումը կեղծ է կամ գրանցման ժամկետը լրացել է, ապա պատժվելու են նաեւ ծնողները։ Եթե նույնիսկ ծնողն օրինական է գտնվում, ապա հնարավոր է՝ նրա օրինական գտնվելը չեղարկվի, անգամ հնարավոր է՝ ծնողների ու երեխաների արտաքսում լինի»,- ասաց Բեժանյանը։
Նա ՌԴ-ում գտնվող հայերին խորհուրդ տվել ոչ մի դեպքում կեղծ հաշվառում չգնել։ Կեղծ հաշվառումն ուղիղ տանելու է դեպի քրեական դաշտ, եւ եթե անգամ անձին չդատապարտեն, ապա կարտաքսեն։ «Իրական հաշվառում իրականացրեք ձեր բնակության վայրում, ձեր երեխաներին նույնպես։ Հաջորդը՝ նախքան ՌԴ մեկնելը երեխաների հետ պարապեք ռուսաց լեզու, որովհետեւ հարցերի 90 տոկոսին երեխաները պետք է ճիշտ պատասխանեն, այլապես չեն կարողանա հաղթահարել անցողիկ շեմը։ Առաջին դասարանցիները պետք է 10 հարցից 9-ին ճիշտ պատասխանեն, 2-5-րդ դասարանցիները 20 հարցից առնվազն 18-ին պետք է ճիշտ պատասխանեն, 6-9-րդ դասարանցիները 22 հարցից 20-ին պետք է ճիշտ պատասխանեն եւ 10-11-րդ դասարանցիները 24-ից 22 հարցին պետք է ճիշտ պատասխանեն։ Այսինքն՝ շատ պատրաստված պետք է գնալ, եւ արդեն իսկ նշանակվել են այն վայրերն ու հանձնաժողովները, որոնք երեխաներից վերցնելու են այդ քննությունները»,- նշեց նա։
Տաթեւիկ Բեժանյանն ասաց, որ ստուգում են նաեւ դպրոցներում արդեն իսկ սովորող միգրանտների երեխաներին։ Եվ արդեն գրանցվել են դեպքեր, երբ դպրոցում ստուգում անցկացնելիս պարզվել է, որ երեխան կամ չունի միգրացիոն հաշվառում կամ կեղծ է փաստաթուղթը, եւ ծնողների հետ միասին երեխաներին տարել են օտարերկրացիների պահման վայր ու այնտեղից արտաքսել են։ Չնայած ՌԴ օրենսդրությամբ երեխաներին իրավունք չունեն տանել այդ վայրը, բայց տանում են։ «Եվ որպեսզի այս խնդրի առաջ չկանգնեք, պարզապես ձեր երեխաների համար մի գնեք կեղծ միգրացիոն հաշվառում կամ երկարացրեք նրանց գտնվելու ժամկետը»,- կոչ արեց Տաթեւիկ Բեժանյանը։
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ Եվրամիության երկրներում ընդհանրապես նշանակություն չունի՝ միգրանտ երեխան տիրապետում է տվյալ պետության լեզվին, թե ոչ։ Երեխաները պարզապես չպետք է դուրս մնան կրթությունից։ Երկրներ կան, որոնք ընտրում են երեխայի՝ կրթություն ստանալու իրավունքը եւ փորձում են դպրոցներում այնպիսի համակարգ ներդնել, որ երեխան ընթացքում նաեւ սովորի տվյալ երկրի լեզուն, բայց որեւէ պարագայում դուրս չմնալ կրթությունից։ «ՌԴ-ն ընտրել է այլ տարբերակ՝ երեխան պետք է իմանա լեզուն, ինտեգրվի հասարակությանը, այլապես չի կարող կրթություն ստանալ, որովհետեւ դա խանգարում է մյուսների կրթություն ստանալուն։ Ես ուղղակի չգիտեմ՝ ինչ հաշվարկներ ունեն սրա տակ, որովհետեւ եթե խոսվում է 387 հազար օտարերկրացի անչափահասների մասին, ինձ թվում է՝ ամբողջ ՌԴ տարածքում դա այնքան մեծ թիվ չէ, որն ուղիղ կխանգարեր կրթությանը, նույնիսկ եթե դասարանում մի քանի երեխա ռուսերեն չգիտեն»,- նշեց Բեժանյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ