Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային քննարկման է ներկայացվել պետական դպրոց տնօրեն գործուղելու կարգը. Նախագիծ

Ապրիլ 02,2025 12:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղման ընթացակարգ սահմանել այն դեպքում, եթե առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել, կամ տեղը չի համալրվել: Գործուղման գործընթաց կարող է իրականացվել նաև այն դեպքում, երբ դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ուսումնական հաստատության ցածր կատարողականի կամ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու պատճառով: Ներկայում հանրակրթական ուսումնական հաստատություններ տնօրենների գործուղման ընթացակարգ առկա չէ:

Նախագծով առաջարկվում է նաև գործուղվող տնօրենին տրամադրել 138 300 դրամ լրավճար՝  5 տարի ժամկետով, որը ներառում է աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներ։

Սահմանվում է նաև, որ գործուղվել կարող են այն տնօրենները կամ տնօրենի հավակնորդները, որոնք ունեն ուսումնական հաստատություն ղեկավարելու փորձ, և այդ հաստատությունն ունի կատարողականի բարձր ցուցանիշներ: Կարող են գործուղվել նաև այն թեկնածուները, որոնք ՀՀ կառավարության սահմանած կարգով ստացել են որևէ հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի դրական եզրակացություն և հաղթահարել են հարցազրույցի փուլը, ստացել են «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման դասընթացն ավարտելու վկայական:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում բազմաթիվ են դեպքերը, երբ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնը տևական ժամանակ թափուր է մնում օրենքի պահանջին համապատասխանող հավակնորդների բացակայության կամ դիմողների՝ հարցազրույցի փուլը չհաղթահարելու պատճառով:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ հնարավորություն կստեղծվի համալրելու հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր հաստիքները՝  ստեղծելով արդյունավետ գործունեության պայմաններ:

«Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագծի ընդունումը նախատեսում է պետական բյուջեի ծախսերի ավելացում: 2026 թվականին նախատեսվում է ունենալ 26 գործուղված տնօրեն: Մեկ գործուղվող տնօրենի համար տարեկան նախատեսվում է շուրջ 2 մլն ՀՀ դրամ:

Նախագծի քննարկումը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում, կշարունակվի մինչև սույն թվականի ապրիլի 11-ը. քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները կարող են  ներկայացնել իրենց կարծիքները,  դիտողություններն ու առաջարկները:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930