Հայ առաքելական եկեղեցու եւ հոգեւոր դասի նկատմամբ խաչակրաց արշավանքներ հրահրող Նիկոլ Փաշինյանն առանձնակի հոգածություն եւ հարգանք է դրսեւորում այլակրոնության, մասնավորապես՝ մահմեդականության նկատմամբ։ Նա վերջին տարիներին շնորհավորում է բոլոր մահմեդական տոները:
Ամենեւին չենք դատապարտում այլակրոնության նկատմամբ հանդուրժողականությունն ու հարգանքը, առավել եւս, որ պետության ղեկավարի համար շնորհավորական ուղերձներ հղելն արարողակարգային, գուցե պարտադիր բնույթ է կրում։ Սակայն տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն իր առջեւ խնդիր է դրել պեղել մահմեդական բոլոր, անգամ աննշմար տոները եւ շնորհավորական ուղերձներ հղել դրանց առիթով, բայց զուգահեռ անտեսել, արհամարհել քրիստոնեական տոները, խզել կապը հոգեւոր դասի հետ, եկեղեցի չգնալ՝ լինելով առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովրդի ղեկավար։
Դիցուք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հինգ գլխավոր կամ, եկեղեցական լեզվով ասած՝ «Տաղավար տոներ» ունի՝ Սուրբ Ծնունդը, Զատիկը, Վարդավառը, Վերափոխումը եւ Խաչվերացը, որոնցից Փաշինյանը հիմնականում միայն երկուսի դեպքում է ուղերձներ հղում՝ Սուրբ Ծննդի եւ Զատկի (համենայնդեպս, բաց հարթակներում չգտանք այլ տոների առիթով հղված ուղերձներ), ընդ որում՝ դա անում է բացառապես «ներկա դնելու» համար, ո՛չ օրվա խորհուրդն է հասկանում, ո՛չ էլ, առավելապես, ապրում այդ խորհրդով։ Օրինակ, այս տարի Սուրբծննդյան տոնի առթիվ Դավթի Սաղմոսից էր կարդում՝ իբրեւ ուղերձ․ «Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները, եւ շատերը ելան իմ դեմ։ Շատերն էին ասում իմ մասին՝ սա փրկություն չունի Աստծուց, բայց դու, Տեր, իմ օգնականն ես»։ Նույն օրը նա Սուրբ Ծննդի առիթով հանրությանը հրամցրեց նաեւ իր հայտնի վետչինայով ձվածեղի բաղադրատոմսը, ավելին` արդեն քանի տարի է՝ եկեղեցի այցելելու եւ Սուրբծննդյան պատարագին մասնակցելու փոխարեն Փաշինյանն ու իր անհավատների խմբակը խորհրդանշական վայր են ընտրում՝ տոնը նշելու համար․ նրանք այցելում են Արագածոտնի մարզի Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցի եւ համերգ լսում՝ կաթողիկոսի մատուցած պատարագի փոխարեն։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: