Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի թեմի առաջնորդը հորդորեց չհուսահատվել, գոտեպնդվել, մնալ մայր Հայաստանում

Ապրիլ 02,2025 09:00

Արցախի թեմի Եկեղեցասիրաց Եղբայրակցությունը տարիներ ի վեր Արցախում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված էին արցախահայությանը մոտեցնել Առաքելական Մայր Եկեղեցուն, հաղորդակից դարձնել Եկեղեցու խորհուրդներին, մարդկանց ուղղորդել ապաշխարության՝ պարզաբանելով Աստծո փրկագործության ծրագիրը։

2023թ. սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմի հետևանքով արցախահայությունը ստիպված բռնագաղթեց։ Տնավեր, բնավեր արցախցիները զրկվելով հայրենի բնօրրանից, սրբություններից, փորձում են վերագտնել իրենց։ Հավատավոր ժողովուրդը համախմբվել է եկեղեցու շուրջ, որ միասնական աղոթք բարձրացնեն առ Աստված։ ՀԱԵ Արցախի թեմի Եկեղեցասիրաց եղբայրակցության անդամները բռնագաղթից հետո անմիջապես միավորվել են և Եղբայրակցության առաջնորդ Արմեն Մաղաքելյանի ջանքերով շարունակել պարբերաբար հավաքվել, աղոթել, սերտել Աստվածաշունչը՝ միշտ վառ պահելով Արցախ աշխարհ վերադառնալու իղձն ու հույսը։

Արցախի թեմի Եկեղեցասիրաց եղբայրակցության առաջնորդ տիար Արմեն Մաղաքելյանի հրավերով Եղբայրակցության անդամներին իր օրհնությունն ու զորակցության խոսքը բերեց գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Անմիջական ու ջերմ մթնոլորտում Արցախի թեմի առաջնորդն անդրադարձավ արցախցիների կենսական նշանակության և հավաքական վերադարձի իրավունքի խնդիրներին։ Այսօր արցախցին զրկվել է ոչ միայն իր հայրենիքում ապրելու իրավունքից, այլև պատմամշակութային ժառանգությունից, սրբություններից, որոնք օրեցօր ոչնչացնում է թշնամին։

Սրբազանը հորդորեց չհուսահատվել, գոտեպնդվել, մնալ մայր Հայաստանում։ Սրբազանի այցը համընկեց Մեծ պահքի հինգերորդ կիրակիի հետ` «Դատավորի կիրակի», ինչի առթիվ նա անդրադարձավ «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակին» և հորդորեց այրի կնոջ պես թախանձագին ու անդադար Աստծուց հայցել ողորմություն և մեր իրավունքների վերականգնում։

ՀԱՍԵ Արցախի թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930