Հարցազրույց գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ:
2024 թ. «Նռանէ» հրատարակչությունը տպագրեց Հովիկ Չարխչյանի «Երկիր անավարտ» վեպը, որն անդրադառնում է մեր ժամանակների խնդիրներին ու մտահոգություններին` ներկայացնելով հանրային ընկալումների հակասությունները եւ դժվարին իրավիճակներում ելքեր որոնելու ջանքերը։
Հովիկ Չարխչյանի հետ զրուցել ենք նրա վերջին գրքի, գրականության եւ առհասարակ, մարդու ու կյանքի մասին, որոնք վառ արտացոլված են վեպում:
– Ի՞նչ հիմնական թեմաներ եւ գաղափարներ եք շոշափում «Երկիր անավարտ» գրքում։
Կարդացեք նաև
– Գաղափարացված թեմաները մի քանիսն են, թեեւ գրականությունն իբրեւ հաղորդակցման ձեւ ընկալելու անհրաժեշտությունը չի ենթադրում գաղափարական կոմպոնենտի պարտադիր ներկայություն: Սակայն գաղափարը կարող է ծնվել ինքնին՝ առանց նախնական ծրագրման: Եվ այս դեպքում էլ թեման նույնն է՝ մարդն իր միջավայրում, նրա վարքը, բարդ իրավիճակներում լուծումներ գտնելու կարողությունը, անհատ- ժամանակ փոխազդեցությունները:
– Ինչո՞ւ որոշեցիք գրել այս գիրքը։ Ի՞նչն էր դրդապատճառը։
– Գիրք գրելու համար դրդապատճառներ պետք չեն: Կուտակումներ կան, հավաքվում, թանձրանում, սկսում են ճնշել եւ մի օր պիտի դուրս ժայթքեն: Եթե ավելի սեղմենք շրջանակը, ապա վերջին տարիներին կատարվող իրադարձությունները, դրանց զգացական ու մտային ընկալումները պիտի տանեին մի այդպիսի հանգուցալուծման: Իսկ այդ պահից գրողի խնդիրն է ոչ թե կասեցնել հախուռն հոսքը, այլ այն տեղափոխել կառավարելի հուն: «Երկիր անավարտ»-ում կան բոլոր ժամանակները, կա շարժ կոնկրետացումից դեպի ընդհանրացում, անձնավորումից դեպի տիպականացում, թերահավատությունից դեպի համոզմունք: Եթե ընթերցողն այդ գունապնակում տեսնի նաեւ իրեն, կնշանակի՝ ես իմ խնդիրն իրագործել եմ:
– Գիրքը որքանո՞վ է հիմնված պատմական փաստերի վրա, եւ որքանո՞վ է ընդգրկում ձեր անձնական դիտարկումները։
– Եթե խոսքը կոնկրետ ժամանակահատվածի եւ այդ շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին է, ապա, այո, ընթերցողի համար դժվար չէ կռահել թե տարեթվերը, թե այդ տարիների աղմկահարույց դեպքերը: Մեր սերնդակից յուրաքանչյուր ոք կարող է ասել, որ ինքն այդ զարգացումներից շատերի ականատեսն ու մասնակիցն է եղել: Բայց սա՝ ընդամենը առաջին հայացքից, քանի որ վեպի սյուժեն կառուցված է պայմանական տարածքում՝ պայմանական ժամանակի մեջ: Դուք այնտեղ չեք գտնի «Հայաստան» կամ «հայ» բառերը, թեեւ ընթերցողը պիտի համոզված լինի, որ դրանք կատարվում են հենց մեր երկրում: Սակայն նույն բանը կարող է մտածել նաեւ որեւէ օտարերկրացի ընթերցող՝ դրանք վերագրելով իր երկրին, քանի որ գրքում արծարծված խնդիրները տեղայնացնելու միտում չկա, դրանք որեւէ մեկի համար խորթ չեն՝ անկախ աշխարհագրությունից:
– Կա՞ն իրական կերպարներ, որոնցից ոգեշնչվել եք կամ ո՞ւմ մասին եք գրել։
– Գրքի ամեն մի կերպարի թիկունքում կարելի է տեսնել նախատիպ, զանազան կռահումներ ու ենթադրություններ անել: Իրականության մեջ գործող անձերը հավաքական կերպարներ են: Իսկ եթե ասվածին էլ գումարեմ այն անառարկելի փաստը, որ ցանկացած գեղարվեստական գործի հերոսների ներսում հարմարավետորեն բազմում է հեղինակը, ապա վստահաբար կարող եք ասել, որ այս գրքում մենք ենք՝ բոլորս եւ յուրաքանչյուրս: Անծանոթներ չկան:
-Ինչպե՞ս եք ընտրել գրքի վերնագիրը՝ «Երկիր անավարտ»։ Ինչպե՞ս եք այն մեկնաբանում։
– Երկիր բառը բազմիմաստ է: Մի դեպքում այն կարող է նշանակել ժողովրդի բնակության վայրը՝ Հայրենիքը, մեկ այլ դեպքում՝ համընդհանուր մոլորակը: Ընտրության հարց է, որից պատկերը չի փոխվում: Անավարտ, անկատար ու թերի է այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք: Ամեն սերունդ գալիս է այն ցանկությամբ, որ իր ձեռքով հաստատուն քարեր կդնի կիսատ պատերի վրա: Ոմանց դա հաջողվում է, ոմանց՝ ոչ: Եվ յուրաքանչյուր նոր փլուզում նոր վերաշինման անհրաժեշտություն է բերում՝ հավերժական մի ընթացք, սիզիփոսյան աշխատանք, քանի որ անավարտն ավարտին հասցնելու տենդի մեջ մենք մոռանում ենք գլխավորը. կառուցողը մարդն է՝ տիեզերքի մեծագույն մոլորյալն ու մեղսավորը, հավերժ երազողն ու հուսահատը, օրենսդիրն ու օրինախախտը: Իսկ անկայունությունը ծնում է անավարտություն:
– Ի՞նչ սկզբունքներով եք կառուցել պատմությունը` տեքստի կառուցվածքային ու գեղարվեստական առումով։
– Շարժվել եմ հակառակ ընթացքով: Ոչ թե սյուժեն է թելադրել միտքը, այլ միտքն է իր ներսում կառուցել սյուժեն: Կան պայմանականություններ, որոնք այսօր խոչընդոտում են թղթի վրա նպատակադրումն իրականություն դարձնել: Փորձել եմ հնարավորինս աննկատ շրջանցել այդ խութերը, ներդաշնակ կոմպրոմիս ստեղծել այնտեղ, որտեղ հակասություններ կան: Կերպարների բացահայտման համար գործողություններն ու մտքերը բավարար չեն: Եթե չկա հուզաշխարհը, մյուս երկուսը ի հայտ պիտի բերեն սոսկ տեսանելի կողմը: Ջանացել եմ թաքնվածն ակներեւ դարձնել, բացական՝ ներկայանալի, օտարվածը՝ շոշափելի: Եվ, իհարկե, հետեւել եմ այն մեծ ճշմարտությանը, որ գրականությունը լեզուն է:
– Ինչպե՞ս եք պատկերացնում գրքի ազդեցությունը ժամանակակից հայ հասարակության վրա։
– Գրականությունն ունի կարեւորագույն մի գործառույթ՝ արթնացնել այն, ինչը ննջում է, շարժման մեջ դնել այն, ինչը լճացել է, ջերմություն տանել այնտեղ, որտեղ ցուրտ է:
Մարդը պիտի գիտակցի իր պատասխանատվության աստիճանը: Պիտի հասկանա, որ ոչինչ անհետեւանք չի մնում: Ամենածանր պահերին անգամ պիտի հստակ կողմնորոշվել՝ ի՞նչ ենք մենք փնտրում՝ մեղավորի՞ն, թե՞ ճշմարտությունը: Եվ սա երկընտրանք չէ, սա նոր բան էլ չէ, այլ աշխարհի չափ հին ճշմարտություն, կեցության ընկալման այն ձեւը, որն անպայման հետեւանք է ունենում. «Ինչ ցանես, այն էլ հնձելու ես»:
Զրուցեց
Ալբինա ԲՈՒՋԱՏՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
01.04.2025