Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը մեկ այլ մոլորեցնող հարցազրույց է տվել. նա չի կարող բերանը փակ պահել. Հարութ Սասունյան

Ապրիլ 01,2025 23:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

 

Ամեն անգամ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս, նա անտեղի մի բան է ասում։ Իր մտերիմ խորհրդականներից մեկը պետք է նրան խորհուրդ տա պարզապես լռել։

Չեմ ուզում ընթերցողներին ձանձրացնել Փաշինյանի շարունակական բացասական հայտարարություններով, սակայն կարծում եմ, որ նրա խոսքերն ու գործողությունները չպետք է անպատասխան մնան։

2025 թվականի մարտի 21-ին Փաշինյանը 45 րոպեանոց հարցազրույց տվեց, այս անգամ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը, հարկատուների կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցին, որը վարչապետը շահագործում է որպես իր քարոզչության գործիք: Եվս մեկ անգամ նա կրկնեց իր սովորական անհիմն հայտարարությունները: Այնուամենայնիվ, ուզում եմ գովեստի խոսքեր ասել լրագրող Տաթև Դանիելյանի հասցեին՝ Փաշինյանին հարցաքննելու իր համառ ճիգերի համար:

Փաշինյանը կրկին պարծեցավ, որ իր սիրելի «Խաղաղության համաձայնագիրը» ամբողջական է և ընդունված է երկու կողմերի կողմից, չնայած Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել այն, պահանջելով Հայաստանից անվերջ զիջումներ, ինչպիսիք են՝ սահմանադրական փոփոխություններ կատարելը, 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում, վերջերս Հայաստանի կողմից ձեռք բերված զենքից ազատվելը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը և այլն:

«Խաղաղության համաձայնագիրը», որը վարչապետն անդադար առաջ է քաշում, ոչ այլ ինչ է, քան միակողմանի կապիտուլյացիա: Փոխարենը բացատրելու, որ 2020 թվականի պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտությունն իրեն այլընտրանք չի թողնում, քան զիջումներ անել Ադրբեջանին, Փաշինյանն այս պարտվողական փաստաթուղթը ներկայացնում է որպես մի մեծ նվաճում: Սա նույն մարդն է, որը 2018 թվականին Հանրապետության հրապարակում մեծ բազմության առջև կանգնած խոստանում էր ոչ մի համաձայնագիր չստորագրել առանց նախապես նրանց համաձայնությունը ստանալու: Այժմ նա պատրաստ է ստորագրել մի փաստաթուղթ, որի բովանդակությունը գաղտնի է պահվում:  «Խաղաղության համաձայնագիրը» Ալիևի համար թղթի մի անարժեք կտոր է, որը նրան չի զսպելու Հայաստանի վրա ապագա հարձակումներից։

Մինչդեռ Ադրբեջանը պարբերաբար սպառնում է Հայաստանին՝ նրան անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Փաշինյանը լրջորեն պնդում է, որ երբ խաղաղություն հաստատվի, Հայաստանը կազատվի ԵՄ դիտորդներից, քանի որ նրանց կարիքն այլևս չի լինի։

Փաշինյանը նույնիսկ առաջարկեց, որ ինքը կարող է միակողմանի ստորագրել «Խաղաղության համաձայնագիրը»՝ չսպասելով Ադրբեջանի ստորագրությանը, միաժամանակ խոստովանելով, որ չգիտի՝ «մարդկության պատմության մեջ նման պրակտիկա եղե՞լ է, թե՞ չի եղել»։

Միակ ճիշտ հայտարարությունը, որ Փաշինյանն արեց իր ծավալուն հարցազրույցի ընթացքում՝ 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մերժումն էր Հայաստանում, որը նախագահ Ալիևն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։ Սակայն, հաշվի առնելով Փաշինյանի մշտական հակասական հայտարարությունները, ոչ ոք չի կարող վստահ լինել, որ նա հավատարիմ կմնա իր խոսքին այս կամ որևէ այլ հարցում։

Փաշինյանը ևս մեկ անգամ պնդեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են «ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունենալ տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և պարտավորվել են ապագայում էլ նման տարածքային պահանջներ չառաջադրել»։ Սա իրականությանը չի համապատասխանում: Փաստն այն է, որ չնայած Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ալիևը դեռ չի ընդունել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Հանրային հեռուստաընկերության թղթակիցը Փաշինյանին հարցրեց՝ ինչպե՞ս կարելի է հասնել խաղաղության, երբ կողմերից մեկը խաղաղություն չի ուզում և շարունակում է զիջումներ պահանջել։ Մինչև ո՞ւր զիջել։ Փաշինյանն անհավատալիորեն արձագանքեց. «Ի՞նչն ենք զիջել»։

Փաշինյանը հարմար կերպով անտեսեց բազմաթիվ խոշոր զիջումներ, որոնք նա արել է Ադրբեջանին, ներառյալ Արցախի հանձնումը, 2021 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության որոշ հատվածների գրավումը Ադրբեջանի կողմից, մինչդեռ Փաշինյանը հայտարարում էր, որ ոչ մի քայլ չի ձեռնարկի ադրբեջանական զորքերը դուրս մղելու համար, Մինսկի խմբի լուծարումը, ԵՄ դիտորդների հեռացումը Հայաստանի սահմաններից՝ հայտարարելով. «Մենք կարող ենք [եվրոպական] դիտորդներին այլևս նեղություն չտալ»,  Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, միաժամանակ խոստովանելով, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, Փաշինյանի հայտարարությամբ, որ ինքը չի պահանջի, որ Ադրբեջանը փոխի իր Սահմանադրությունը, Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային իրավական հայցերի հետկանչումը, ինչը հանգեցրեց միջազգային դատարաններում Հայաստանը ներկայացնող փաստաբանի հրաժարականին. հազարավոր հայ զինվորների և հազարավոր վիրավորների կորուստը, ոչինչ չձեռնարկելը Բաքվի բանտում կալանավորված հայ բանտարկյալների ազատ արձակման համար, որտեղ նրանք ենթարկվում են խոշտանգումների և շինծու դատավարության, արցախահայության վերադարձի իրավունքին աջակցելուց  հրաժարվելը և առաջիկա շատ այլ զիջումներ:

Հարցին, թե ով է երաշխավորելու «Խաղաղության համաձայնագիրը», Փաշինյանը պատասխանեց՝ ոչ ոք՝ «Խաղաղությունն է երաշխավորը»: Չափազանց մտահոգիչ է, որ Հայաստանի վարչապետը նման միամիտ հայտարարություններ է անում:

Մինչդեռ, Ադրբեջանի դաժան բռնապետ Ալիևը շարունակում է իր ատելության հռետորաբանությունը՝ Հայաստանն անվանելով «ֆաշիստական պետություն»: Մարտի 27-ին Աղդամում իր 15 րոպեանոց ելույթի ընթացքում Ալիևը 11 անգամ օգտագործեց «թշնամիներ» բառը՝ նկարագրելով հայերին, առանց մի անգամ իսկ հիշատակելու խաղաղությունը: 2024 թվականին Ալիևը հայերին անվանել է «շակալներ», «արյունախում թշնամիներ» և «վանդալներ»։ Սրանք ոչ թե խաղաղությամբ շահագրգիռ մարդու, այլ պատերազմ հրահրողի խոսքեր են։

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930