«Արցախ վերադառնալու քաղաքական իրավունքը պետք է պահենք շատ ակտիվ։ Մենք պետք է աշխատենք աշխարհի ազդեցիկ պետությունների հետ, որոնք մշտական պետք է պահեն այդ հարցը քաղաքական օրակարգում՝ արցախցիների հավաքական վերադարձն իրենց երկիր»,- Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի թեմայով հանրային քննարկման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ պետք է հետեւողական լինենք, թե ի՞նչ է տեղի ունեցել, ասում են՝ էթնիկական զտում, հումանիտար աղետ։ Այնինչ, տեղի է ունեցել ցեղասպանություն, եւ Օկամպոն բազմաթիվ անգամ ասել է, որ դա այն դուռն է, որը մենք պետք է ծեծենք։
«Ավելին, Օկամպոն ասաց՝ այս ամբողջ տարին պետք է այնպես աշխատել, տասնապատիկ, հարյուրապատիկ, որ բաց չթողնենք այդ պահը։ Ինձ հայտնի է, որ բավականին շատ դիմումներ գնացել են Միջազգային քրեական դատարան, բայց ինչքան ես հասկանում եմ՝ դրանք բավարար չեն։ Ես հիշում եմ՝ 2023 թվականի դեկտեմբերին Օկամպոն ասաց՝ պետք է հայերը հեղեղեն Միջազգային քրեական դատարանը։ Մենք չկարողացանք ապահովել այդ հեղեղը, եւ մեզ մնում է, որ այս տարին մենք չվատնենք։ Եվ դրա համար մեզ անհրաժեշտ են մեծ ռեսուրսներ, Սփյուռքի աջակցությունն է պետք։
Կարդացեք նաև
Եթե մենք հույսներս դնենք իշխանության կամ միջազգային հանրության վրա, ամեն ինչ կկորցնենք։ Պետք է հասկանանք, որ ամեն ազգի ճակատագիրը լուծում է ինքը՝ ազգը։ Ես տեսնում եմ, որ այն դռները, որոնք կան, մենք դեռ չենք բացել, չենք ծեծել։ Այսինքն՝ ավելի շատ աշխատանք պետք է տանենք, ամենակարեւոր հարցը՝ սեղանի շուրջ հավաքագրել մեր ուժերը, որ կարողանանք ոչ թե արցախցուն վերադարձնենք Արցախ, այլ Արցախը վերադարձնենք հայերին։ Այսինքն՝ մենք պետք է խնդիրը տեսնենք ավելի խորքային»,- ասաց նա։
Ալավերդյանը նշեց՝ պետք է հասկանալ, որ մեր վերադարձը կապված է թե Արցախի Հանրապետության վերականգնման, թե անօրինական Ադրբեջանի պատասխանատվության ու պատժելիության հարցի հետ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ