Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում, որ հայցերը հետ վերցնենք միջազգային դատարաններից, որովհետեւ գիտի, որ դեռ շատ է պարտվելու»․ Արա Ղազարյան

Ապրիլ 01,2025 22:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի թեմայով հանրային քննարկման ժամանակ  միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն անդրադարձավ այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» վերադարձի հարցին։ «Այո, ադրբեջանցիներն ապրել են Հայաստանում մինչեւ 1190 թվականը, այո, նրանք վտարվել են, բայց եթե մենք փաստերով խոսենք, մեծամասնությունն ավելի նպաստավոր պայմաններով են կարողացել փոխանակել իրենց գույքը, քան հայերը։ Բայց եթե խոսում են հայելանման վերադարձի մասին, պետք է նայել, թե ինչ է տեղի ունեցել ընդամենը 2-3 տարի առաջ Արցախում, եւ դա հնարավոր չէ համեմատել այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել 35 տարի առաջ։

Եթե մենք թվերի լեզվով խոսենք, ավելի շատ հայ է վտարվել Ադրբեջանից՝ սկսած 1988 թվականից։ Եվ հայերն այնպես չեն վտարվել, ինչպես Ադրբեջանցիները, օրինակ, հիշենք Սումգայիթի դեպքերը։ Ուստի, եթե մենք բազմաթիվ փաստերը սկսենք համեմատել, իրավիճակը չափազանց ասիմետրիկ է։ Ի վերջո, մենք պետք չէ հորինել ինչ-որ խոսույթ կամ նարատիվ, այդ ամենը կա»,- ասաց Արա Ղազարյանը։

Անդրադառնալով արցախցիների վերադարձի հարցին՝ Արա Ղազարյանն ընդգծեց, որ մինչեւ չլինի միջազգային լուրջ ու անաչառ ներկայություն, հնարավոր չէ խոսել վերադարձի մասին։ «Եվ այդ բալանսը պետք է ստեղծվի, մենք ինքներս պետք է ստեղծենք»,- նշեց Ղազարյանը։

Նա անդրադարձավ նաեւ Բաքվից հնչող պահանջներին՝ միջազգային դատական ատյաններից հայցերը վերցնելու մասին։ «Ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում, որ մենք այդ հայցերը հետ վերցնենք, որովհետեւ ինքը գիտի, որ դեռ շատ է պարտվելու։ Եվ գիտի, որ պատերազմի իրական դրդապատճառը, որը ռասիզմն էր, ջրի երես է դուրս գալիս։ Դրա համար ինքը շատ անհանգստացած է։ Իրականում Ադրբեջանում հասկանում են, որ իրենք մարդկայնության դեմ հանցագործություն են կատարել, եւ քաղաքական մարմինները չեն ֆիքսելու դա, առաջինը դատարանն է ֆիքսելու, ինչպես Արդարադատության միջազգային դատարանն առաջին անգամ ֆիքսեց, որ Լաչինը փակ է։ Այ տեսնո՞ւմ եք, դատարանից վախենում են քաղաքական մարմինները»,- ասաց նա։

Արա Ղազարյանի խոսքով՝ նույնիսկ եթե Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանից հետ վերցնի իր գանգատը, դատական ակտը դառնում է պատմական փաստ։ Եվ եթե մենք այլ ատյաններ, նույնիսկ կիսատական ատյաններ դիմենք, հանգիստ կարող ենք վկայակոչել այդ դատական ակտը։ «Եթե անգամ Հայաստանը հրաժարվի միջազգային գործընթացներից՝ պայմանով որ ինչ-որ բան կարելի էր ստանալ այդ գործընթացներից, այդ մեխանիզմները պետք է ամրագրված լինեն այդ պայմանագրով։ Եվ եթե մենք խաղաղության պայմանագիրը բացում ու տեսնում ենք, որ այնտեղ դա չկա, սա հաստատ ճգնաժամ է։ Եվ ես կասեմ՝ գուցե այս փաստաթուղթը հակասահմանադրականության տարր ունի։

Հետեւաբար, երկու պետությունների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ընկնում է պատասխանատվություն՝ ստեղծելու այդ մեխանիզմները։ Բնականաբար, չեն անելու, ուրեմն, դուռը բացվում է միջազգային ատյանների համար։ Եվ ինչպես Հյուսիսային Կիպրոսի ժողովուրդը Եվրոպական դատարանի միջոցով ստիպեցին Թուրքիային ու Հյուսիսային Կիպրոսին ստեղծեն մարմիններ, այդ նույն մոդելով հայերը կարող են ՄԻԵԴ միջոցով ստիպել, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրականում նստեն միասին աշխատեն, այլ ոչ թե ձեւական ինչ-որ պայմանագիր ստորագրեն։ Այնպես որ, երբ տեքստը հրապարակեն, եւ մենք կարդանք, գուցե ինքն ավելի բազմազան մեխանիզմներ ու հնարավորություններ կտա անհատական գանգատներով դիմելու միջազգային դատական ատյաններ, որովհետեւ միջպետական գանգատը դուրս է եկել, բայց հո մարդու իրավունքը չի դադարել գոյություն ունենալ»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930