Բոլոր նրանք, ովքեր բռնի տեղահանվել են ու Արցախում թողել են գույք, ապա միշտ պետք է հիշեն, որ իրենց գույքի նկատմամբ իրենց իրավունքը շարունակում է պահպանվել ու պահպանվելու է տասնամյակներ շարունակ։ Այս մասին Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
«Սա ասելով՝ ես հիմնվում եմ հենց միջազգային իրավունքի փորձի վրա։ Կոնկրետ Հյուսիսային Կիպրոսը շատ նման է Արցախի դեպքին՝ Թուրքիայի ռազմական գործողությունների հետեւանքով 230 հազար մարդ 1974 թվականին բռնի տեղահանվեցին, թողեցին այնտեղ իրենց գույքը։ Եվ 10 տարի անց, երբ Սահմանադրության ուժով ազգայնացվեց այդ ամբողջ գույքը, 20 տարի, 30 տարի անց միջազգային հանրությունը չընդունեց դա։
Այդ օրենքները, որոնք ընդունվել էին, որոնցով այդ գույքը հանրայնացվեց, համարվեցին անօրինական, որովհետեւ բռնության արդյունքում էր դա իրականացվել։ Եվ թեկուզ 30-40 տարի հետո դատարանները որոշումներ էին կայացնում, որ մարդիկ շարունակում են իրենց գույքային իրավունքն ունենալ։ Հետեւաբար, կամ պետք է վերադառնան ապրեն այնտեղ, կամ պետք է փոխհատուցում տրվի։ Այսինքն՝ սա ամենակարեւոր սկզբունքն է, որը պետք է հիշենք։ Եթե արցախցին այսօր Հայաստանում է ու չի կարողանում իր գույքը շոշափել, օգտագործել, հնարավորություն չունի վերադառնալու ու ապրելու, 5 տարի էլ անցնի, 10, 20 տարի էլ անցնի, իրավունքի ուժով տիտուլը՝ տիտղոսաթերթը շարունակում է արցախցին պահել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Այսօր Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի բնակավայրերն ու պատմամշակութային հուշարձանները։ Հարցին, թե արցախցիների իրավունքը շարունակո՞ւմ է գործել նաեւ այն գույքի վրա, որն ադրբեջանցիները ոչնչացնում են, Արա Ղազարյանը պատասխանեց․ «Այո, այդ հիմքով գանգատներն ուղարկվում են։ Դրա կոնտեքստը մի քիչ այլ է, ստացվում է էկսպրոպրիացիա առանց փոխհատուցման, որը նույնիսկ միջազգային հանցագործություն է։ Բայց ցանկացած տեսակի անշարժ եւ շարժական գույքի նկատմամբ, եթե անձն ունի այդ տիտղոսաթերթը, դա շարունակում է պահպանվել տասնամյակներ, մինչեւ որ որոշում չկայացվի։ Որոշումը կամ-կամ է՝ կամ թույլ եք տալիս, որ անձը վերդառնա եւ ապրի, բայց արժանապատիվ ու անվտանգ, կամ տալիս եք հատուցում։ Սա այն հրամայականն է, որին այսօր Ադրբեջանը բախվել է։ Եվ Ադրբեջանը լուծում չունի, ինչ լուծում էլ առաջարկի, այնպես, ինչպես իրենց նախագահն է պատկերացնում, դա համարվելու է անօրինական։ Եվ միջազգային որեւէ քաղաքական կամ դատական մարմին որեւէ հիմք չունի դա ընդունելու։ Ադրբեջանը դրա դեմ կարող է պայքարել միայն կեղծ ինչ-որ խոսույթներ, նարատիվներ պատրաստելով։
Օրինակ՝ երբ մենք խոսում ենք 2020-2023 թթ․ դեպքերի մասին, նրանք հիշում են 1992-1994 թթ․ դեպքերի մասին, որովհետեւ ոչինչ չունեն հակադրելու նրան, թե ինչ են արել 2020-2023 թվականներին։ Այն, ինչ արել են, դա ինքնին անօրինական է։
Նույնիսկ այս կեղծ դատավարությունները, որոնք ընթանում են, սլաքներն ուղղելով Հայաստանի վրա, այդ դատավարություններն իրավական հիմք չունեն։ Այդ դատավարությունները նույնիսկ արդար դատավարության նվազագույն չափանիշներին չեն համապատասխանում։ Այսինքն՝ իրենք լուրջ խնդիրներ ունեն, որոնք նախատեսում են լուծել, մենք էլ պետք է այդ խնդիրներին դիմագրավենք՝ հաշվի առնելով, որ մեր պահանջն արդարացի է։ Մենք զոհի կարգավիճակում ենք, եւ միջազգային իրավունքը մեր կողմից է»,- նշեց Արա Ղազարյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ