Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի ծրագրի աջակցությամբ ԳԱԱ-ում քննարկվում են ցածր դոզայով ճառագայթման ռիսկերը, ընթացիկ հետազոտություններն ու հեռանկարները

Ապրիլ 01,2025 17:36

Սույն թվականի մարտի 31-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Ցածր դոզայով ճառագայթահարման ռիսկերը. ընթացիկ հետազոտություններ և ապագա հեռանկարներ» միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովը կազմակերպվել է Կանադայի ՄքՄասթեր համալսարանի և ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի նախաձեռնությամբ և իրականացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի աջակցությամբ։

Գիտաժողովը համախմբել է առաջատար գիտնականների ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Կանադայից, Հայաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը․ «Այս գիտաժողովը բացառիկ հարթակ է ճառագայթային էկոլոգիայի և պաշտպանության ոլորտում վերջին գիտական նվաճումներին ծանոթանալու, գիտական տեղեկատվության և փորձի փոխանակման համար»։

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Արսեն Առաքելյանը նշեց․ «Հայաստանում այս ուղղությամբ տարբեր հետազոտական խմբերի կողմից իրականացվել են ծավալուն հետազոտություններ: Օրինակ, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնն ուսումնասիրում է երկրաքիմիական և էկոլոգիական ասպեկտները, Երևանի պետական համալսարանում կենսաբանական մարկերներին ուղղված հետազոտություններ են իրականացվում, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում այս ոլորտում իրականացվող հետազոտությունները նվիրված են ճառագայթահարման կիրառմանը քաղցկեղների բուժման ժամանակ, այդ ընթացքում առողջ հյուսվածքների արձագանքին ճառագայթահարմանը։ Ուսումնասիրում ենք նաև տիեզերական ճառագայթման ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Մենք տեսնում ենք, որ երկարատև տիեզերական առաքելությունները դառնում են իրականություն։ Տիեզերական ճառագայթումը խիստ տարբերվում է երկրի մակերեսի ճառագայթումից, որը գամմա ճառագայթում է, և մենք ուսումնասիրում ենք այդ ազդեցությունները», – ասաց Արսեն Առաքելյանը։

Գիտաժողովի բանախոսները հանդես են գալիս ցածր դոզայով ճառագայթահարման կենսաբանական ազդեցության, ռադիոէկոլոգիայի, ռիսկերի գնահատման մեջ էկոթունաբանության և կենսամարկերների դերի, ճառագայթային պաշտպանության ժամանակակից մոտեցումների, կարգավորող մարմինների և գիտական համայնքի փոխգործակցության հեռանկարների մասին զեկուցումներով։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 2-ը ներառյալ։

ՀՀ ԳԱԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930