Aravot.am-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Հայկավան համայնքի դպրոցի տնօրենը երեկ առավոտյան աշխատանքի գնալու ճանապարհին վրաերթի է ենթարկել Նորապատ համայնքի դպրոցի երրորդ դասարանի աշակերտի: Աշակերտը տեղափոխվել է Երեւան, այս պահին գտնվում է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ աշակերտին վրաերթի ենթարկողի ինքնությունը հայտնի չէ, կատարվում է նախաքննություն:
Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ Հայկավան համայնքի դպրոցի տնօրենն է վրաերթի ենթարկել աշակերտին ու որոշակի մանրամասներ հայտնեց դեպքից. «Երեխան անցել է ոչ թույլատրելի հատվածով: Դեպքը եղել է առավոտյան 08:40-ի սահմաններում, աշխատանքի գնալիս: Վարորդի ոչ սթափ վիճակում գտնվելու տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ոստիկանությունն էլ է ժամանել դեպքի վայր, սթափությունը ստուգել են, այդ մասով խնդիր չկա: Դեպքից հետո տնօրենն իր մեքենայով է երեխային տարել Արմավիր բժշկական կենտրոն, երեխան հետազոտվել է: Տնօրենի պահանջով շտապ օգնության մեքենայով երեխային տեղափոխել են Երեւան՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ էլ դեռ երեխան մնում է բժիշկների վերահսկողության տակ»:
Մեր զրուցակիցը մեկնաբանեց նաեւ համայնքի բնակիչների ու դպրոցի ծնողների դժգոհությունը, որ դպրոցի ճանապարհին չկան գետնանցում, լուսացույց, արագությունը սահմանափակող նշաններ եւ այդ ամենի մասին բազմիցս ահազանգել են, ոչինչ չի արվել. «Չի եղել մի դեպք, երբ քաղաքացին ահազանգի ու հետամուտ չլինենք այդ հարցի կարգավորմանը: Նման տեղեկություն, ահազանգ, որ այդ վայրը խնդրահարույց է, չենք ստացել: Բայց հիմա ձեր փոխանցած ահազանգով էլ հետամուտ կլինենք, որ հասկանանք՝ խնդիր կա՞, թե՞ ոչ»:
Կարդացեք նաև
Մանվել Մելիքյանի խոսքով, դպրոցի տնօրենը չի գերազանցել թույլատրելի արագությունը: Ըստ նրա՝ այս պահի դրությամբ՝ տուժած երեխայի ծնողները բողոք-դիմում չունեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Հայկավան համայնքի դպրոցի ֆեյսբուքյան էջից