Լրահոս
Օրվա լրահոսը

Ազնվություն, նվիրվածություն, աշխատանք. պատրաստ եմ ճանապարհ անցնել յուրաքանչյուրիդ հետ, ով կհամապատասխանի այս չափանիշներին. Արթուր Նահապետյան

Ապրիլ 01,2025 17:22

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար կազմի և ծառայողների հետ՝ նրանց ներկայացնելով կառույցի գործունեությանն առնչվող իր մոտեցումներն ու սկզբունքները: Կոմիտեի նախագահն ընդգծել է՝ բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ։

«Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող միակ քննչական մարմինն է հանրապետությունում, ինչը մեզ հանցագործությունների բացահայտման և քրեական վարույթների արդյունավետ քննության մեծ հնարավորություններ է ընձեռում։ Այս առումով հատկապես կարևորում եմ օպերատիվ աշխատակցի և քննիչի համագործակցված աշխատանքը: Օպերատիվ և քննչական մարմինների  կողմից համատեղ պլանավորված և մեկմեկու փոխլրացնող աշխատանքի շնորհիվ կարող են հեշտությամբ  բացահայտվել և քննվել նույնիսկ ամենաբարդ թվացող կամ բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը։ Քրեական վարույթների արդյունավետ քննության տեսանկյունից ցանկանում եմ ընդգծել նաև տևական ժամանակ քննվող վարույթների արագ հանգուցալուծման կարևորությունը»,- նշել է Արթուր Նահապետյանը։

Անդրադառնալով կադրային քաղաքականությանը և այդ կապակցությամբ իր մոտեցումներին՝  Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ իր համար յուրայիններ չկան։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ծառայող գնահատվելու է երեք կարևոր հատկանիշների հիման վրա՝ ազնվություն, նվիրվածություն, աշխատանք. «Պատրաստ եմ ճանապարհ անցնել յուրաքանչյուրիդ հետ, ով կհամապատասխանի այս չափանիշներին»,- ասել է Արթուր Նահապետյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է իրավապահ մյուս մարմինների հետ գործընկերային հարաբերությունների պահպանումն ու զարգացումը՝ նշելով, որ Կոմիտեի առաջնային նպատակներից է լինելու նաև կառույցը բարեվարք, իրենց առաքելությանը նվիրված և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող կադրերով համալրելը, ինչպես նաև հայաստանյան, արտասահմանյան և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը:

Արթուր Նահապետյանը համոզմունք է հայտնել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն կունենա անհրաժեշտ կամք և վճռականություն՝ իր առջև ծառացած մարտահրավերները պատվով հաղթահարելու համար:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930