«Թեև Վարդան Ղուկասյանի շուրջ կոալիցիա չի ձևավորվելու, իհարկե, բայց անհրաժեշտ թվով ձայներն արդեն ապահովված են, որ Վարդան Ղուկասյանն ընտրվի քաղաքապետ»,- Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ պատասխանելով հարցին՝ Գյումրիում այլ զարգացումների վտանգ չկա՞, քանի որ ընդդիմությունը մինչև այս պահը միասնականություն չի ցուցաբերում։
Նշենք, որ Սուրեն Սուրենյանցի գլխավորած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ևս մասնակցում էր Գյումրու ավագանու ընտրություններին, սակայն չհաղթահարեց անցողիկ շեմը։
Այսօր մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Գյումրիի համայնքապետի «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը պատրաստվում է ընդամենը 2 ձայն տալ Վարդան Ղուկասյանին միայն նրա համար, որ Գյումրին, ինչպես նա էր խոստացել, չունենա ՔՊ-ական համայնքապետ։ Սակայն դեռ Մարտուն Գրիգորյանն ինքը պաշտոնապես այս մասին չի հայտարարել։
Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ սա կլինի ընդդիմության սոլիդարության դրսևորում․ «Միասնականություն չասենք։ Օրինակ՝ Վարդան Ղուկասյանն էլ իմ սրտի այլընտրանքը չէ, բայց մենք պարտավոր ենք բոլորս հաշվի առնել գյումրեցի ընտրողների տրամադրությունները, և այս դեպքում բոլոր ընդդիմադիր խմբակցությունները, որոնք անցողիկության շեմը հաղթահարել են, դրանով թելադրված՝ անում են քայլեր, որ ՔՊ-ական քաղաքապետ Գյումրիում չլինի։ Ու ես կարծում եմ՝ ապրիլի 16-ին կարձանագրվի այդ փաստը, որ Գյումրին չունի ՔՊ-ական քաղաքապետ»։
Կարդացեք նաև
Սուրեն Սուրենյանցից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կմեկնաբանի ընտրություններին հաջորդող փուլում ՔՊ-ականների պահվածքը, հաջորդող զարգացումները, Սուրեն Սուրենյանցն արձագանքեց․ «Այո, նրանք խուճապի մեջ են, ու դա պատճառ ունի։ Ընդդիմադիր մի շերտ կար, որոնց հետ ես միշտ վեճի մեջ էի, որոնք չէին հավատում ընտրությունների ինստիտուտին։ Հիմա Գյումրիի և Փարաքարի ընտրությունները հասարակությանը համոզեցին կամ հասարակության մոտ մեծացրին վստահությունը, որ ընտրությունների ճանապարհով հնարավոր է իշխանափոխություն։ Եվ հենց սա է ՔՊ-ականների խուճապի հիմնական պատճառը, որովհետև ինչքան մոտենա 2026-ը, այդ տրամադրություններն այնքան ուժեղանալու են, իսկ ընտրությունների միջոցով վերարտադրվելու շանս ՔՊ-ն չունի։ Ցանկացած համայնքում, հավատացնում եմ, Փարաքարի և Գյումրու պատկերը կրկնվելու է»։
Մեր հիշեցմանը, բայց ունեցել ենք նախադեպեր, երբ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդդիմությունը հաղթել է ՔՊ-ին, բայց այնպիսի իրավիճակ է ՔՊ-ն ստեղծել, որ, այնուամենայնիվ, իշխանությունն անցել է իրենց և հետաքրքրվեցինք՝ այսպիսի վտանգներ չեք տեսնո՞ւմ, Սուրեն Սուրենյանցը պատասխանեց․ «Դուք խոսում եք երկու սցենարի մասին։ Մեկը՝ Երևանի մոդելն է, երբ մանդատագողության, որն ես անվանում եմ քաղաքական անասնագողություն՝ ճանապարհով ՔՊ-ն պահեց իր իշխանությունը։ Գյումրիում նման բան չի կարող լինել։ Անցողիկ ավագանիների առաջին համարներից ես տեղյակ եմ, կարծես նման վտանգ չկա։
Երկրորդը Վանաձորի մոդելն է, երբ Մամիկոն Ասլանյանին հինգ րոպե էր պակաս քաղաքապետ դառնալուց, կալանավորեցին։ Տեսականորեն կարող է նույնը լինել Վարդան Ղուկասյանի պարագայում, որովհետև նախադեպ ունենք, բայց գործնականում դա էլ եմ ես բացառում։ Վանաձորի ընտրությունները տեղի են ունեցել 2021-ի խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ 2021-ի խորհրդարանական ընտրությունները հանգեցրին նրան, որ հասարակության ընդդիմադիր ընտրազանգվածը հայտնվեց ապատիայի մեջ։ Այդ վիճակում դժվար էր պատկերացնել, որ առանձին համայնքում կարող է ընդվզում լինել Մամիկոն Ասլանյանի կալանավորումից հետո։ Հիմա այլ է վիճակը։
Գյումրու ընտրությունները նախորդում են խորհրդարանական ընտրություններին, և նաև գործ ունենք Փաշինյանի՝ գահավիժող վարկանիշի հետ։ Եթե Փաշինյանը Գյումրիում գնա նման ռեպրեսիվ մեթոդի՝ խեղելու համար Գյումրու ընտրությունների պատկերը, հնարավոր է, որ ուժեղ հակազդեցության հանդիպի, ինչը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ։ Դրա համար քիչ եմ համարում նաև Վանաձորի մոդելի կրկնման հավանականությունը»։
Սուրեն Սուրենյանցը վստահեցրեց՝ Գյումրու պարագայում մանդատները կապահովվեն, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ և Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չունենա։ Սակայն այստեղ այլ մտահոգություն է տեսնում․ «Այլ բան, որ քաղաքային ուժեղ իշխանություն չի ձևավորվի, որովհետև, եթե կոալիցիա չի լինում, այնուամենայնիվ, քաղաքային իշխանությունը փոքրամասնության իշխանություն է լինում, իսկ դա նշանակում է, որ շատ պինդ լինել չի կարող։ Բայց դա փույթ չէ, կարևորն այս փուլում ՔՊ-ական քաղաքապետ չունենանք, իսկ հետո ավելի բարենպաստ իրավիճակում կարելի է արտահերթ ընտրություններ էլ անցկացնել Գյումրիում․ ավելի ամուր իշխանություն ընտրել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ