Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի մրցումներով մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերը

Ապրիլ 01,2025 16:40

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերը, որոնց շրջանակում երկու փուլով, ընդհանուր առմամբ, 11 մարզաձևի 14 առաջնություն է անցկացվում:

ՀՀ ուսանողական մարզական խաղերի գարնանային փուլի շրջանակում արդեն իսկ անցկացվել են շախմատի, բազկամարտի և հրաձգության առաջնությունները: Մեկնարկել է նաև «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարը:

Շախմատի առաջնությունն անցկացվել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան դահլիճում: Առաջնությանը մասնակցել է 12 բուհի շուրջ 100 ուսանող:

Արագ շախմատի աղջիկների թիմային պայքարում հաղթող են ճանաչվել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները, երկրորդ տեղը զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի թիմը, իսկ եռյակը եզրափակել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը: Տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը, երկրորդ տեղում Երևանի պետական համալսարանի ուսանողներն են, իսկ երրորդ տեղում՝ Երևանի պետական բժշկական համալսարանի թիմը:

Հատկանշական է, որ մրցանակային տեղեր զբաղեցրած և բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներով համալրված թիմերը, ինչպես նաև ՀՊՏՀ տղաների և ՀՖԿՍՊԻ աղջիկների թիմերը հնարավորություն կստանան մասնակցելու համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի հովանու ներքո սեպտեմբերի 16-20-ը Երևանում կայանալիք շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանը:

Բազկամարտի առաջնությունն անցկացվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում. մասնակցել է 10 բուհի շուրջ 90 ուսանող: Խաղարկվել է մեդալների 18 հավաքածու:

ԵՊՀ հրաձգարանում էլ կայացել է հրաձգության առաջնությունը, որին 10 բուհի շուրջ 80 ուսանող է մասնակցել: Աղջիկների պայքարում հաղթող են ճանաչվել ԵՊՀ-ի, իսկ տղաների պայքարում՝ ՀՖԿՍՊԻ-ի թիմերը:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ բուհերը և ուսանող-մարզիկները բավական ակտիվ ներգրավված են խաղերում:

«ՀՀ ուսանողական մարզական հանրապետական խաղերն իրենց մասշտաբով և տևողությամբ եզակի են, քանի որ մեկնարկում են փետրվարին և ավարտվում դեկտեմբերին: Խաղերին մասնակցում են ավելի քան 20 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների շուրջ 1500 ուսանող-մարզիկներ»,- նշել է Հովհաննես Գաբրիելյանը՝ ընդգծելով՝ խաղերի կազմակերպման ու անցկացման հարցում համագործակցում են բուհերի և տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ:

ՀՀ մարզական ուսանողական խաղերի գարնանային և աշնանային փուլերի շրջանակում, ընդհանուր առմամբ, անցկացվում են նաև 3X3 բասկետբոլի, սեղանի թենիսի, լողափնյա վոլեյբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման, բադմինթոնի և այլ մարզաձևերի առաջնություններ: 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930