Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի ընտրությունների մասին դեռ շատ բան կգրվի, բայց կան անհերքելի փաստեր, որոնց մասին պետք է բարձրաձայնել հենց այսօր. Նազելի Բաղդասարյան

Ապրիլ 01,2025 16:28

Վարչապետի մամուլի քարտուղար, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Գյումրիի ընտրությունների մասին դեռ շատ բան կգրվի կամ կասվի, բայց կան անհերքելի փաստեր, որոնց մասին պետք է բարձրաձայնել հենց այսօր։

Ընտրություններին նախորդող օրերին և բուն ընտրության օրը լրագրողների ու դիտորդների անվան քողի տակ Հայաստանի բոլոր ծայրերից և հատկապես Երևանից ընդդիմադիրների մի մեծ ճամբար էր հանգրվանել Գյումրիում։ Նպատակը մեկն էր՝ անհավանական վերնագրերի ներքո պատրանք ստեղծել, թե իշխանությունները ընտրություններ են կեղծում։ Ոչ կարկառուն ընդդիմադիրների ներկայությունը, ոչ էլ իրենց ջղաձիգ ջանքերի գործադրումը՝ չնպաստեցին այնպիսի խախտումների արձանագրմանը, որոնք կվերագրվեին հենց իշխանություններին և էական ազդեցություն կունենային քվեարկության արդյունքների վրա։

Զավեշտալին այն էր, որ արձանագրված խախտումների առյուծի բաժինը հենց ընդդիմադիրների ձեռամբ էր կատարվում։ Մինչդեռ իշխանության հասցեին հնչեցրած մերկապարանոց մեղադրանքներն այդպես էլ մնացին փաստազուրկ և առանց հիմնավորման։ Ընտրության արդյունքների ամփոփումից հետո էլ աղաղակող «ընտրությունները կեղծվել են», «անվավեր պետք է ճանաչել Գյումրիի ընտրությունները» վերտառությամբ հոդվածներն իսպառ անհետացան։
Ենթադրությունները թողնում եմ ձեզ։

Իսկ իրականությունն այն է, որ մեր քաղաքական թիմը, հավատարիմ մնալով մեր իսկ որդեգրած սկզբունքներին և ձեռագրին, մշտապես մերժել է ընտրական կեղծիքի ցանկացած դրսևորում։ Ուստի Գյումրիում ընդդիմադիրների մասնակցությամբ առերևույթ կաշառքի, մարդու կամքին բռնանալու և հարկադրաբար ընտրություններին ուղղորդելու դեպքերը պետք է հստակ իրավական գնահատական ստանան։

«Քաղաքացիական պայմանագիրն» ազնիվ է եղել և ազնիվ է մնում իր ընտրողների հետ, և դա է պատճառը, որ 17000-ից ավելի գյումրեցի իր քվեն տվեց Սարիկ Մինասյանին ու մեր կուսակցությանը՝ հանուն ժողովրդավար Հայաստանի։

Այլ հարց է, որ ընդդիմադիր ճամբարների կողմից ժողովրդի արժանահավատությունը չարաշահելու և մոլորեցնելու միջոցով կորզվել են քվեներ, որոնք այսօր «նվիրվելու» են մեզանից կրկնակի նվազ ձայներ հավաքած կոմկուսի ներկայացուցչին։

Ժամանակը կտա իր գնահատականը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930