Երաժշտության և պատկերի, ճկունության ու շարժման, տեմպի, լռության, հարվածայինների և հեքիաթի փոխհամագործակցության արդյունքում տեղի ունեցավ այս անչափ հետաքրքիր նույնականացումը:
Կայացավ իրանական առաջին ազգային օպերայի` Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ»-ի պրեմիերան:
Ինչպես տեղեկացրել էինք, Երևանում կայանալու է իրանական առաջին ազգային օպերայի պրեմիերան, իրանցի արվեստագետներ Լորիս Ճգնավորյանի երաժշտությամբ և բեմադրող ռեժիսոր, զգեստների նկարիչ Յարթա Յարանի: Երեկ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Ռոստամ և Սոհրաբ» օպերայի պրեմիերան մշակութային իրադարձություն էր:
Կարդացեք նաև
Մեզ հետ կարճատև զրույցում այս դիտարկմանը համամիտ էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Մեհդի Սոբհանին և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Պարոն դեսպանը կարևորեց նաև մեր երկու ժողովուրդների միջև վաղուց, ամուր բարեկամական կապերի խթան հանդիսացող մշակույթի դերակատարումը:
Սպասելի էր, որ պետք է տեղի ունենար հրավառություն։ Հանդիսատեսը ևս, կարծես պատրաստ էր դրան։
Սա նման էր մանրադիտակի տակ բյուրեղների աշխարհ տեղափոխվելուն։
Ներկայացման ընթացքում փոխվում էին իրանական մանրանկարչության պատառիկները և ստեղծվում էր հիպնոտիկ գլխապտույտ, որի կենտրոնը հանդիսատեսին անվերջ ձգում էր դեպի իրեն։
Ներկայացման ավարտին զրուցեցինք միջազգային հարթակներում բազմիցս դափնիներ շահած կոմպոզիտոր, կինոռեժիսոր Մաննեի հետ:
«Բացառիկ արվեստագետի՝ Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» օպերան, Իրանական առաջին օպերան է, որի շերտերի բացահայտումը անվերջ մտորումների տեղիք է։ Երաժշտության և պատկերի, ճկունության ու շարժման, տեմպի, լռության, հարվածայինների և հեքիաթի փոխհամագործակցության արդյունքում տեղի ունեցավ այս անչափ հետաքրքիր նույնականացումը։ Այս սինթեզի մոգության գաղտնիքը և՛ Ճգնավորյանի եզակի անհատականությունն է, և՛ կատարված պրոֆեսիոնալ աշխատանքը, որը այս օպերայի մաթեմատիկական ապարատն էր», – ասաց մեր զրուցակիցը, ապա հավելեց.- «Ներկայացումը դիտելուց անմիջապես հետո դժվար է ասել, թե ի՞նչը առաջինը գրավեց, քանի որ արվեստների սինթեզը չափազանց ամուր էր։ Սա նաև թույլ է տալիս մտածել, որ գուցե ինքնին այս կոմբինացիան առանձին և բոլորովին նոր արվեստ է դառնում, մի ամբողջական շրջանակ միավորում, որ սկիզբը և վերջը՝ ստեղծելով շրջապտույտի անվերջ զգացողություն»։
Դիտարկմանը` բեմում երկրագունդը իսկական սիմվոլ էր, Մաննեն համաձայնելով շարունակեց. «Իսկապես, երկրագունդը բացառիկ սիմվոլ էր այս ներկայացման թե՛ սկզբի և թե՛ ավարտի համար, որը մեզ տալիս էր աշխարհն ընկալելու ևս մեկ դիտանկյուն։ Ակամայից ասոցացվում են հայ մեծ մտածող Գրիգոր Գուրզադյանի այս խոսքերը «Երկինք ու երկիրը, ողջ տիեզերքը չեն զգում իրենց գոյությունը, հետևաբար չեն ապրում գոյության երջանկությունը, իսկ մարդը դա զգում է: Միայն մարդուն է տրված դա՝ լինելու, գոյություն ունենալու երջանկությունը»։
Կես կատակ-կես լուրջ դիտարկմանն ի պատասխան, թե «Ռոստամ և Սոհրաբը» կարելի է հանգիստ համարել օպերա-բալետ, արվեստագետն ասաց. «Այո, նկատելի էր, որ պարային բեմադրությունները (պարուսույց, ռեժիսորի օգնական Արա Ասատուրյան) բավականին շատ էին, ինչը թույլ էր տալիս արտահայտելու երաժշտության կախարդանքը։ Այս օպերայում առանձնահատուկ էր ձայնի դերը։ Սա բնորոշ երևույթ է ժամանակակից երաժշտությանը, և պետք է նշենք, որ Ճգնավորյանը բացառիկ է նաև այս տեսակետից․ Նա իր ժամանակից առաջ է մտածում։ Օպերան ունկնդրելուց հետո էլ, մտովի հիշում ես հատկապես ձայնը, որը թաքնված է նոտաների հակառակ կողմում։ Ականջի համար հաճելի աղմուկներ, որոնք քեզ տանում են դեպի Իրանական հեքիաթ՝ իրականությանը շատ մոտ։
Երաժշտության մեջ կար շարժման հակառակ կողմը՝ երբ լսելի էին Թահմինեի (երգչուհի Լուսինե Մակարյան) զգեստների արդուզարդի շրշյունը, որը իրական գրավչություն էր»:
Մաննեն խոսելով երգչախմբի մասին (ղեկավար Նարինե Ոսկանյան) նախ նշեց, որ այն օպերայում չափազանց դիցաբանական էր: Հետո հավելեց, թե երգչախումբը երբեմն դառնում էր այս օպերայի գլխավոր հերոսը՝ հանդիսատեսին պատմելով սյուժեի մասին, ինչը որ պիտի տեղի ունենար կամ գուցե արդեն վաղուց տեղի էր ունեցել։ Այսպիսով, արվեստի այս փառահեղ ստեղծագործության ընկալումը ավելի էր ուժեղանում, քանի, որ հետաքրքրում են այլ շերտեր, երբ դու արդեն գիտես պատմությունը ․․․
Օպերայի 2 գործողությունների ընթացքում հանդիսատեսին ներկայանում էր Ֆիրդուսին կամ պատմիչը (երգիչ Ռոման Խնկոյան), ներկայացնելով կամ պատմելով օպերայի սյուժեն: Գլխավոր դերերգերով` Ռոստամի և Սոհրաբի, հանդես եկող Արման Առաքելյանի ու Պերճ Քարազյանի մարմնավորած կերպարների դուետը յուրահատուկ գույն էր, որն ասես առանձին գործունեություն ուներ այս օպերայում, և հիշվում էր դահլիճից դուրս եկող ցանկացած ունկնդրի մտքում, ինչպես ցանկացած մեծ կտավի երաժշտության տպավորիչ մեղեդի։ Պակաս տպավորիչ չէին մյուս դերերգերի մեղեդիները` Հուման (Ռոլանդ Սոֆոյան), Աֆրասիաբ (Հովհաննես Ներսեսյան), Սամանգանի արքա (Գոշ Սարգսյան):
Մեր զրուցակիցը քանիցս նշեց ներկայացումը վարող դիրիժորի, մաեստրո Կարեն Դուրգարյանի, իր խոսքով` պրոֆեսիոնալիզմին գումարած մանրակրկիտ աշխատանքի մասին. «Մաեստրոի, Յարթա Յարանի և Լորիս Ճգնավորյանի ստեղծագործական կապը իրապես ստացված էր ինչպես մեկ ամբողջական շղթա։ Նվագախումբը (գլխավոր կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյան) ամբողջապես ներգրավված էր Իրանական հեքիաթում՝ խորհրդավոր լույսերի մեջ լինելով թերևս ամենակարևոր գործոնը հրաշքի կայացման համար»։
Շարունակելով էլ հայտնեց. «Տավղի պոեզիան մեզ տեղափոխում էր դեպի Իրանական զմրուխտյա աշխարհ, որտեղ յուրաքանչյուր սիմվոլ, երկխոսություն, թե մենախոսություն, հայացք, թե շարժում պոետիկ է։ Հերոսական մարտերի տեսարանները լի էին վարակիչ ոգով։ Երբեմն, դահլիճից դիտելիս, այնպիսի տպավորություն էր, որ այս բեմադրությունը մեծ էկրանին է՝ խոշոր պլաններով նկարահանված։ Տարածության զգացողությունը իսպառ բացակայում էր՝ ոչ միայն, քանի որ տեղի էր ունեցել հոգեբանական տեղափոխություն․ տարածությունը ընկալվում էր դետալների մեջ՝ ընդհուպ մինչև օբյեկտիվից դիտելու աստիճան»:
Վերջում նշենք Եվգենի Գանսբուրգի լուսային նկարչության լուծումների մասին, որոնք հանդիսատեսին տեղափոխում էին դյուցազնական ժամանակներ, իսկ այդ ժամանակներն էլ տեղափոխում էին մեր օրեր՝ օպերային դահլիճ։
Շեշտենք նաև այն փաստը, ինչի մասին ականջալուր եղանք նաև հանդիսատեսի խոսքուզրույցից` ներկայացման գույները, հագուստները, պլաստիկան, ամենը միաձուլված էին ինչպես մեկ ամբողջականություն:
Հրաժեշտից առաջ մեր զրուցակիցը` Մաննեն հավաստիացրեց. «Բացառիկ այս ներկայացումը և բացառիկ այս երաժշտական կտավը, որը միգուցե տվեց շատ հարցերի պատասխաններ ավելի շուտ՝ քան ֆիզիկան: Այն երկար ժամանակ հանդիսատեսը կհիշի, կոգեշնչվի, կսնվի այն զգացողություններից, որը ստացել է»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ